ԶԼՄ-ներ. ՆԱՏՕ-ի` Թուրքիային աջակցելու հայտարարությունը համաձայնեցված չի եղել կառույցի անդամների հետ
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի՝ կառույցի անդամ երկրների ներկայացուցիչների հետ ռուսական ինքնաթիռի խոցման դեպքը քննարկելուն հաջորդած հայտարարությունը համաձայնեցված չի եղել վերջիններիս հետ: Այս մասին դիվանագիտական աղբյուրին հղմամբ հաղորդում է «Ռիա Նովոստին»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկմանը ներկա կառույցի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների միջև Թուրքիային աջակցություն հայտնելու հայտարարության բովանդակության հետ կապված լուրջ տարաձայնություններ են եղել:
«Կառույցի անդամ մի շարք երկրների մշտական ներկայացուցիչներ զգուշավորությամբ են վերաբերվում թուրքական կողմի բողոքներին: Լուրջ տարաձայնություններ են եղել նաև այն հարցի հետ կապված, թե թուրքական կողմը մինչև ինքնաթիռը խոցելը մի քանի անգամ նախազգուշացումներ է իրականացրել, քանի որ իրականում երկու նախազգուշացում է եղել»,- գործակալության հետ զրույցում նշել է դիվանագիտական աղբյուրը:
Վերջինս հավելել է, որ մշտական ներկայացուցիչների համար կասկածելի է եղել նաև թուրքական կողմի ներկայացրած թուրք օդաչուների խոսակցությունների ձայնագրությունները, քանի որ դրանցում հնչցած խոսքը «անհասկանալի է եղել»:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադառնալով՝ համանման տեղեկություն է հրապարակել նաև «The Wall Street Journal» պարբերականը՝ նշելով, որ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հանդիպման ժամանակ փորձել են հնարավորինս հավասարակշռված հայտարարություն տարածել՝ իրավիճակն ավելի չլարելու համար:
«Դաշինքի պաշտոնյաները նշել են, որ իրենք չեն ցանկանում անել այնպիսի քայլեր, որոնք կխաթարեն Ֆրանսիայի ջանքերը՝ Ռուսաստանի հետ ԻՊ դեմ մեծ կոալիցիա ստեղծելու ուղղությամբ: Մասնավոր զրույցներում մշտական ներկայացուցիչները խոսում էին այն մասին, որ կարևոր է խուսափել այնպիսի հռետորաբանությունից, որը կխանգարի ռուս-ֆրանսիական բանակցություններին»,- գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ կառույցը իր զորակցությունն է հատնում Թուրքիային և աջակցում է վերջինիս տարածքային ամբողջականությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան