Լ. Մինասյան. Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով այս տարի 7 կին է սպանվել
«2015-ի հունվարից մինչև հոկտեմբերի 31-ը մենք թեժ գծով ստացել ենք 1342 գրանցված զանգ, որից 918-ը եղել են բռնության զանգեր»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման թվեր ներկայացրեց Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանը:
Նրա խոսքով, 918 զանգից 372-ը եղել են առաջնային զանգեր, այսինքն այդքան նոր դեպք է գրանցվել. «Իհարկե սա չի նշանակում, որ Հայաստանում բռնության այդքան դեպքերն այդքան են եղել, ուղղակի բռնության ենթարկվածներից այդքանն են մեզ զանգել: Իմ կարծիքով, 10 ամսվա ընթացքում 372 ահազանգը բավականին մեծ թիվ է: Կրկնվող զանգերը եղել են 546»:
Կենտրոնի ղեկավարի ներկայացրած տվյալների համաձայն, 205-ը եղել են հոգեբանական բռնության դեպքեր, 162-ը՝ ֆիզիկական, 5-ը՝ սեռական. «Վերջին դեպքերն ավելի շատ են, սակայն տաբու կա, կանայք դժվարանում են զանգել ու դրա մասին խոսել»:
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի քաղաքականության և հաղորդակցության ղեկավար Լիդա Մինասյանը հայտնեց, որ այս տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով 7 կին է սպանվել:
«Սա ցույց է տալիս, որ քանի դեռ մենք չունենք «Ընտանեկան բռնության դեմ պայքարի» մասին օրենք, շարունակվելու են բռնություններն ու մահվան դեպքերը այն քանակով, ինչպես որ կա այսօր: Շատ կարևոր է օրենքի ընդունումը»,-ասաց Լ. Մինասյանը, ավելացնելով, որ 16-օրյակի շրջանակում իրենք նման օրենք ընդունելու անհրաժեշտության մասին են բարձրաձայնելու:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ը Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օրն է:
1991 -ից ի վեր իրականացվող «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը» ամենամյա միջազգային քարոզարշավի մասնակիցների բանակը ներառում է ավելի քան 3,700 կազմակերպություն` 164 երկրում: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից: Այս տարվա 16-օրյա արշավի կարգախոսն է՝ «Խաղաղություն տանը՝ խաղաղություն աշխարհում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա