Լևոն Ջուլֆալակյան. «Երիտասարդ ըմբիշներն ուրախացրեցին ինձ»
Երևանի «Հայաստան» ՄՀԿ Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի ՕՀՄ մարզադպրոցում նոյեմբերի 24-ին կայացավ հունառոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների և մեծահասակների միջազգային մրցաշար, որը նվիրված էր Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի անվանի ըմբիշներին:
Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Լեհաստանի 120 ներկայացուցիչ:
Ոսկե մեդալակիրներ դարձան Արթուր Գալստյանը (50 կգ, Գյումրի), Վահե Սարգսյանը (55 կգ, Ջրվեժ), Գևորգ Ղարիբյանը (66 կգ, Գյումրի), Արմեն Հակոբյանը (71 կգ, Քանաքեռ-Զեյթուն), Մինդիա Ծուլուկիձեն (75 կգ,Վրաստան), Նիկոլոզ Կելասովը (80 կգ, Վրաստան), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ, ՀԱՕԿ), Մատե Սոպաձեն (98 կգ, Վրաստան) և Սանդրո Դիխամինջիան (130 կգ, Վրաստան):
«Նախապես հայտարարվել էր, որ 59 կգ քաշային կարգում այս մրցաշարին կմասնակցեն բոլոր այն ըմբիշները, ովքեր հավակնում են համալրել մեծահասակների հավաքականը և հետագայում պետք է մասնակցեն միջազգային ու վարկանշային մրցաշարերի: Մյուս քաշային կարգերը, այսպես ասած, ազատ էին և որոշիչ չէին: Ինձ ուրախացրեցին 59 կգ քաշային, երիտասարդ ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը, Սլավիկ Գալստյանն ու Վազգեն Խաչատրյանը, ովքեր մրցանակային տեղեր զբաղեցրեցին: Չէի ասի, որ ինձ լիարժեք գոհացնում է նրանց մարզավիճակը, բայց նրանք ունեն ներուժ, աշխատասիրություն, ձգտում և լավ աշխատելու դեպքում կհասնեն բարձր արդյունքի:
Ինչ վերաբերում է մյուս քաշային կարգերի մեր երիտասարդ ըմբիշներին, չկար աչքի ընկնող և առանձնացող ըմբիշ, որ կարողանայի ասել, թե շատ գոհ եմ»,- ՀԱՕԿ լրատվության բաժնի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան