Աշխատելով միասին` կարող ենք ապահովել խաղաղ և բարեկեցիկ ապագա հայ ժողովրդի համար. Միլզ
Գյումրիի մի շարք անապահով ընտանիքների երեխաներ այժմ կունենան ավելի լավ ապրելու պայմաններ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի շնորհիվ: Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզ Կրտսերը ներկա է գտնվել Գյումրիում վերանորոգված Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 հաստատության բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսապանատան մամուլի ծառայությունից:
Այս նախաձեռնության արժեքն է կազմել 360.000 ԱՄՆ դոլար, որը տրամադրվել է ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից: Նախագիծը իրականացվել է այն բանից հետո, երբ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշել է տվյալ հաստատության շենքի վերանորոգումը, որպես առաջնայնություն ունեցող նախագիծ:
Գյումրիի Երեխաղերի խնամքի և պաշտպանության թիվ 1 հաստատությունը տվյալ շրջանում միակն է, որը զբաղվում է անապահով ընտանիքների երեխաների կրթությամբ: Այս հաստատությունը նաև ծառայելու է որպես նոր տարածաշրջանային ընտանեկան ուսումնական կենտրոն, որի նպատակն է լինելու վերադարձնել երեխաներին ընտանիքներ:
«Որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան իմ աշխատանքի ամենահաճելի կողմերից մեկը նման միջոցառումներ այցելելն է: Ես հպարտ եմ այն ամուր համագործակցության համար, որ հաստատվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի և ՀՀ Կառավարության միջև: Մենք իսկապես գնահատում ենք Հայաստանի հետ մեր գործընկերությունը և պատրաստ ենք, որպես գործընկեր, ցուցաբերել ցանկացած աջակցություն և օգնություն հայ ժողովրդի կյանքը բարելավելու գործում: Աշխատելով միասին ինչպես իսկական գործընկերներ՝ մենք կարող ենք ապահովել արժանի, անվտանգ, խաղաղ և բարեկեցիկ ապագա հայ ժողովրդի համար»,- ասել է դեսպան Միլզը:
Պաշտպանության դեպարտամենտի օգտագործված գույքի բաշխման ծրագրի շրջանակներում դպրոցը ստացել է 80.000 ԱՄՆ դոլար արժողության կենցաղային տեխնիկա և գույք: Ընդհանուր առմամբ նվիրաբերվել է 9 կոնտեյներ դպրոցական գույք, կենցաղային տեխնիկա և ավտոմեքենա երեխաներին տեղափոխելու համար: