«Մշակութային ոլորտում որևէ ուղղություն չկա, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրումներ արած չլինի». Հ.Պողոսյան
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը գործունեության տասը տարիների ընթացքում 23.6 միլիարդ դրամ է հատկացրել Սոցիալական ներդրումների ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերի իրականացման նպատակով, որից 34,4 տոկոսն ուղղված է մշակութային ծրագրերի իրականացմանը: Միայն այս տարի ընկերությունը 2 միլիարդ 512 միլիոն դրամի ներդրում է կատարել Սոցիալական ներդրումների ծրագրի շրջանակում, որի 35,6 տոկոսը ներդրվել է մշակութային նախագծերի մեջ: Տվալները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մշակույթի ոլորտը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է եղել և լինելու է: Մշակույթը մեր ինքնության ամենակարևոր սյուներից մեկն է, մշտապես պետք է աշխատել, որ այդ հենասյունն ավելի ամուր և ուժեղ լինի: Բացի այդ, մշակույթը խրախուսում է երկխոսությունը տարբեր ազգերի, մշակույթների հետ: Մենք հավատում ենք, որ ցանկացած հասարակություն եթե ուզում է ավելի զարգանա, պետք է սկսի իր մշակույթից»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարիներն էլ կկարողանան նույն աշխուժողությամբ աշխատել:
Ռ.Յիրիկյանի խոսքով, ընկերության հնարավորությունները եթե ավելին լինիեն, օժանդակության շրջանակն ավելի կընդարձակեին, այլ ծրագրեր կընդգրկեին սոցիալական այս ներդրումների ծրագրերի մեջ:
Ասուլիսին ներկա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց. «Դժվար է պատկերացրել, թե այս տասը տարիների ընթացքում որքան ծրագրեր չէին իրականացվի, եթե չլիներ այս ընկերությունը»:
Նախարարը նշեց, որ մշակութային ծրագրերի իրականացման համար պետության կողմից տրամադրվող միջոցները միշտ չէ, որ բավարար են:
«Ժամանակակից արվեստի, պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտներում շատ բաներ չէինք կարող իրականացնել, զարգացման գործընթացներ չէինք ունենա, եթե պետության կողքին, պետական ծրագրերի կողքին կանգնած չլիներ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը»,- նշեց Հ. Պողոսյանը:
Նա ընդգծեց, որ չկա մշակութային ոլորտում որևէ ուղղություն, որտեղ ընկերությունը ներդրումներ արած չլինի՝ օպերային, բալետային, թատերական ներկայացումներ, փառատոներ, մանկական, երիտասարդական ծրագրեր, գրահրատարակչություն և այլն:
Նախարարը նաև ասաց, որ մի շարք ստեղծագործական կոլեկտիվներ ընկերության կողմից ստանում են հովանավորչական գումարներ, ինչի շնորհիվ շատ երաժիշտների աշխատավարձեր այնքան է դարձել, որքան հարիր է լավ մասնագետներին:
ՀՀ մշակույթի նախարարը Ռալֆ Յիրիկյանին հանձնեց մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ՝ տասը տարվա ընթացքում մշակույթի ոլորտին ցուցաբերած աջակցության, օժանդակության համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում