Տանը ելույթ ունենալն ավելի հաճելի է. Վահագն Պապյան
Իսրայելում բնակվող, աշխարհի տարբեր երկրների նվագախմբեր ղեկավարած հայտնի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակում առաջին անգամ ղեկավարելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Նվագախմբի հետ Վ.Պապյանը որպես մենակատար արդեն երկու անգամ ելույթ ունեցել է:
«Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հրավերով նոյեմբերի 28-ին կղեկավարեմ նվագախումբը, հանդես կգամ նաև որպես մենակատար: Արդեն տևական ժամանակ է խոսում էինք նվագախմբի հետ ելույթ ունենալու մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Պապյանը:
Նա նշեց. «Ամենալավն ինձ Հայաստանում եմ զգում, քան որևէ այլ տեղ»:
Տարբեր երկրների հանդիսատեսների համար նա նույն պատասխանատվությամբ է ելույթ ունենում, որևէ տարբերություն չի դնում, սակայն հայաստանյան համերգներին դիրիժորի վերաբերմունքն այլ է. «Երևանյան համերգներին վերաբերմունքս հատուկ է, տանը ելույթ ունենալն ավելի հաճելի է, հանդիսատեսիս մի մասին արդեն դեմքով ճանաչում եմ»:
Պատասխանելով հարցին՝ դիրիժորի փայտի՞կն է ավելի հոգեհարազատ, թե՞ դաշնամուրի ստեղները և ինչպիսի՞ն են զգացողությունները նվագախումբ ղեկավարելիս և դաշնամուր նվագելիս, Վահագն Պապյանն ասաց. «Երկու տարբեր մասնագիտություններ են, ընդհանուրը միայն այն է, որ գործ ունենք երաժշտության հետ: Եթե մենակատար ես, կարծես դաշնամուրի միջոցով ինտիմ խոսակցություն ունես քո հանդիսատեսի հետ, եթե նվագախումբ ես ղեկավարում, հանդիսատեսի հետ տեղում կառուցում ես մեծ, համընդհանուր մի շինություն, որը համերգի վերջում առկա է ու ընկալվում է դիրիժորի, հանդիսատեսի, նվագախմբի կողմից»:
Նշենք, որ համերգը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում նոյեմբերի 28-ին: Համերգին հնչելու է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ «Կախարդական սրինգը» օպերայի նախերգանք, Դաշնամուրի կոնցերտ թիվ 21 (մենակատար՝ Վահագն Պապյան), Կամիլ Սեն-Սանս՝ Սիմֆոնիա թիվ 3 Երգեհոնով սիմֆոնիած» (դիրիժոր՝ Վահագն Պապյան):
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային երրորդ փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 3-ին: Փառատոնը ներառում է 20 սիմֆոնիկ և կամերային երեկո, սիմֆոնիկ համերգները՝ յուրաքանչյուր շաբաթ և կամերայինը՝ չորեքշաբթի օրերին: Փառատոնն անցացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Դասական երաժշտության աջակցության հասարակական կազմակերպության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Հարակից հրապարակումներ`
- Առաջին անգամ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կներկայացվեն ջազային մշակմամբ
- Հետաքրքիր երկու ամիս՝ հայաստանյան երաժշտական կյանքում. Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն
- Արամ Խաչատրյանի անվան փառատոն. «Բոլոր արտիստները հասկանում են, թե ինչ կարևոր տարի է մեզ համար»