Մինչ 2050 թ. մեկ շնչին բաժին հասնող ջերմոցային արտանետումները պետք է նվազեցնել մինչ 2 միլիոն տոննա. նախարար
Հայաստանը կմասնակցի դեկտեմբերի սկզբին Փարիզում կայանալիք ՄԱԿ-ի COP21-Կլիմայի համաշխարհային գագաթաժողովին և կներկայացնի մշակած Ազգային ծրագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Նախարարը նշեց, որ համաձայն ծրագրի՝ Հայաստանը պարտավորվում է, որպեսզի մինչ 2050 թվականը մեկ շնչին ընկնող ջերմոցային արտանետումները չգերազանցեն ներկայիս 2-2,4 միլիոն տոննան. «Ազգային ծրագրի համաձայն՝ 2050 թվականից հետո կառավարությունը քայլեր է ձեռնարկելու, որպեսզի մեկ շնչին բաժին հասնող ջերմոցային արտանետումները նվազեն մինչ 2 միլիոն տոննա»:
Արամայիս Գրիգորյանը մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է ոչ բոլոր երկրներն ընդունեն գագաթաժողովում ներկայացված առաջարկությունները և որ այն չունենա այն արդյունքը, որին սպասում են մասնակից երկրները:
«Կան զարգացող երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, որոնք գուցե չկարողանան կատարել այդ առաջարկությունները, արդյունքում կստացվի այնպես, որ ջերմաստիճանի փոփոխությունը կունենա շեղումներ»,-ընդգծեց նախարարը:
Ա. Գրիգորյանի խոսքերով՝ իրականացվելիք միջոցառումները պետք է նպաստեն, որ համաշխարհային տաքացումները նվազեն 2 աստիճանով, սակայն եթե առաջարկությունները չպահպանվեն, շեղումները կբերեն կլիմայի վերաբերյալ լուրջ տատանումների:
Նշենք, որ կայանալիք գագաթաժողովի առիթով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (ՎԲՀՀ/WWF) Երևանում Գերմանիայի դեսպանության համար ծրագրել էր ցուցահանդես, որում ներկայացվել են լուսանկարներ Հայաստանի այն պահպանվող տարածքներից, որոնք հիմնվել են նաև գերմանական աջակցությամբ:
Հանդիպմանը ներկա ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերին նույնպես կարևորելով Փարիզում կայանալիք գագաթաժողովը՝ նշեց, որ բնապահպանությունն իրենց նախաձեռնությունների առաջնային ոլորտն է եղել:
«Մեր նախաձեռնությունների նպատակն է պահպանել տարածաշրջանի կենասաբազմազանությունը և հնարավորություններ ստեղծել գյուղական բնակչությանը, որպեսզի կարողանան եկամուտ բերող գործունեությամբ զբաղվել, միևնույն ժամանակ աջակցել նրանց՝ բնական ռեսուրսները կայուն կերպով օգտագործելուն»,-նշեց դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին