Իսրայելը պետք է լիներ Ցեղասպանությունը ճանաչող առաջին և ոչ թե վերջին երկիրը. Հարութ Սասունյան
Panorama.am-ը նախկին հրապարակումներում անդրադարձել էր Իսրայելում ցեղասպանության թեմայով վերջերս տեղի ունեցած միջազգային կոնֆերանսին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Իսրայելում Panorama.am-ի թղթակցի հարցազրույցը կոնֆերանսի մասնակից, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հետ:
Պարոն Սասունյանը, ով միակ հայ ներկայացուցիչն էր սփյուռքից, գիտաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում նշեց, որ ցեղասպանության ճանաչման փուլը պետք է ավարտված համարել և որ հիմա եկել է փոխհատուցման համար պայքարելու փուլը: Պարոն Սասունյանի համոզմամբ՝ այս հարցին հետամուտ լինելու համար հայկական կողմը պետք է դիմի միջազգային դատարաններ և հայցեր ներկայացնի Թուրքիայի դեմ:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հանդեպ Իսրայելի պետության դիրքորոշմանը` նա նշեց, որ Իսրայելը տարիներ շարունակ մերժում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը` չնայած, որ Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ ներկայումս լավ չեն և որ Թուրքիայում գերիշխող են հակասեմական տրամադրությունները: Ըստ նրա Իսրայելի այս ժխտողական քաղաքականությունը պայմանավորված է գլխավորապես Ադրբեջանի գործոնով` մասնավորապես վերջինիս հետ Իսրայելի տնտեսական հարաբերություններով (նավթի, գազի և զենքի վաճառք):
«Իսրայելը պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչող առաջին և ոչ թե վերջին երկիրը», - ասում է Սասունյանը` միևնույն ժամանակ նշելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կողմից ավելի կարևոր է Իսրայելի, քան հայերի համար, քանի որ ինչպե՞ս կարող են նրանք պայքարել Հոլոքոստի ժխտողականության դեմ, երբ իրենք իսկ ժխտում են մեկ այլ ցեղասպանություն:
Խոսելով Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ ունեցած հանդիպման մասին՝ Կալիֆորնիա Կուրիեր թերթի խմբագիրն ասաց, որ տպավորված է նրա հայամետ դիրքորոշմամբ և միևնույն ժամանակ հիասթափված, քանի որ Ռիվլինն իր նախագահի պաշտոնում հետամուտ չի լինում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա նաև բարձրացրել է Հայաստանի քաղաքացիների համար Իսրայելի վիզայի դյուրացման հարցը:
«Բայց հայերի համար ամենակարևոր բանը սա չէ, ամենակարևորը հիմա մեզ համար այն է, որ յուրաքանչյուր հայ փոխանցի մյուս սերունդին այն, թե ինչ ենք մենք կորցրել և ինչ ենք մենք ցանկանում վերադարձնել: Քանի որ եթե մենք դա չանենք, ապա հետագայում, անգամ եթե մի թուրք պաշտոնյա հիսուն կամ հարյուր տարի անց ընդունի, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել և պատրաստ լինի հողեր վերադարձնել, եթե մենք չիմանանք, որ այդ հողերը մեզ են պատկանում, ոչ ոք չի վերադառնալու այնտեղ և այս ամբողջ պայքարն անօգուտ է լինելու:Հրեաները երկու հազարամյակ շարունակ կրկնել են յուրաքանչյուր սերունդին. «հաջորդ տարի Երուսաղեմում»: Նույնպես հայերը պետք է ասեն «հաջորդ տարի Վանում, հաջորդ տարի Վանում» - գուցե ոչ երկու հազար տարի, այլ ընդամենը մեկ-երկու սերունդ: Մենք առնվազն պետք է պահենք երազանքը՝ կորցնելով երազանքը դու կորցնում ես ամեն ինչ», - եզրափակեց իր խոսքը Հարութ Սասունյանը:
Նվարդ Չալիկյան
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի նախագահը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
- Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին միջազգային գիտաժողովն Իսրայելում (տեսանյութ)