Հելիոֆիկացման ծրագիրը տնտեսապես հարմար է Հայաստանին. Համազասպյան
«Արդեն 22 տարի է մենք զբաղվում ենք արևային տեխնիկայի հարցերով Հայաստանում, սակայն ծրագիրը ոչ մի կերպ կյանքի չի մտնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հելիոֆիկացման ծրագրի հեղինակ, տեխնիկական գծով գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:
«Մեր ծրագիրը շատ հարմար է Հայաստանի համար տնտեսապես, սակայն ոչ մի աջակցություն չենք ստանում: Մենք դժգոհ ենք իշխանությունների գրաված դիրքից, հատկապես էներգետիկայի նախարարությունից»,-ասաց Համազասպյանը:
Նրա խոսքերով՝ այսօր, երբ Հայաստանը չունի տնտեսական զարգացման լուրջ հեռանկարներ, անտեսել այս ծրագիրը` սխալ է:
«Արևային տեխնիկան թույլ կտա նաև մանկական առողջ սնունդ և քաղցրավենիք արտադրել»,-հավելեց բանախոսը:
Հանդիպմանը ներկա տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Մնացականյանն էլ նշեց, որ օրերս մասնակցել է հելիոֆիկացման ծրագրերին նվիրված Կիևի համաժողովին:
«Մեր ներկայացրած բազմաֆունկցիոնալ սարքավորումներն այնտեղ լուրջ հետաքրքրություններ առաջացրեցին անգամ ԵՄ մասնակից երկրների մոտ: Համաժողովի ժամանակ նաև որոշվեց, որ մասնակից երկրներից մեկը իր երկրում հելիոֆիկացնի մեկական գյուղ, հետո կրկին հանդիպել և քննարկել արդյունքները: Հուսով եմ, որ մեր իշխանությունները ձեռնամուխ կլինեն գոնե Հայաստանում մեկ էկոգյուղ ունենալ և իրականացնել այս տեխնոլոգիաները»,-հավելեց Գ. Մնացականյանը: