«Հայանտառ»-ի տնօրենը` Սուրիկ Խաչատրյանի որդուն աշխատանքի տեղավորելու մասին
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, Սդղի գյոլի գործով իր նկատմամբ քրեական գործի կարճումից քիչ ժամանակ անց Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական է նշանակվել:
«Էդ ի՞նչ պաշտոն է, որ: Իմ նախաձեռնությամբ Տիգրանին ընդունել ենք աշխատանքի: Նրան ես ճանաչել եմ դեռ դպրոցական տարիներից», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի որդու նշանակումը ներկայացրեց Մաթևոսյանը:
Մեր հարցին, թե Տիգրան Խաչատրյանը հանրության շրջանում վատ համբավ ունի և ավելին, երկու աղմկահարույց գործերով նրա անունը հնչեղություն է ստացել, Մաթևոսյանը արձագանքեց. «Ցանկացած ակտիվ երիտասարդ կարող է նման կենսագրություն ունենա…համբավը, ի վերջո, կարող է սարքվել, բայց նաև կա իրավապահ մարմինների որոշումը, որ Տիգրանը այդտեղ մեղք չունի: Հիմա ո՞ւմ հավատանք: Ինքը ակտիվ երիտասարդ է, նորմալ կրթություն ստացած, պետք է օգտագործենք»:
Հարցին, թե ինչո՞վ է օգնելու մարզպետի որդին, Մաթևոսյանը պատասխանեց, որ նա տնտեսագետ է և կարող է «շատ հարցերում օգնել»:
«Մենք տնտեսական հարցերի հետ կապված խնդիրներ ունենք, ինքը խորանում է, նաև անտառային օրենսդրության մեջ է խորանում: Կարծում եմ օգնելու բան կունենա», -ասաց Մաթևոսյանը` նշելով, որ Տիգրան Խաչատրյանը կաշխատի Երևանում:
Նաև ընդգծեց, որ ինքը իր օգնականի աշխատանքի հետ կապված որևէ մտավախություն չունի: