Շավարշ Քոչարյան. Ցանկացած պետություն միշտ պետք է զգույշ լինի
Հայաստանն այս պահին հարաբերական ապահով երկիր է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը որքանո՞վ է ապահովագրված ահաբեկչական գործողություններից:
«Ահաբեկչությունն ամբողջ աշխարհին է սպառնում, կա պետական ահաբեկչություն, կան տարբեր ցանցերի կողմից ահաբեկչական գործողություններ: Պետք է հստակ հասկանալ, եթե խոսքը միջազգային ցանցերի կողմից ահաբեկչությանն է վերաբերվում, ապա ցանկացած պետություն միշտ պետք է զգույշ լինի: Համենայնդեպս, Հայաստանն այս պահին հարաբերական ապահով երկիր է»,- ասաց նա:
Հարցին, եթե ռուսական կողմը բարձրացնի Գյումրիի 102-րդ ռազմաբազան օգտագործելու թեման, հայկական կողմն ինչպե՞ս կարձագանքի, Շ Քոչարյանը պատասխանեց, որ դա մտացածին հարց է:
«Ռուսական ռազմաբազան այստեղ գտնվում է շատ պարզ նպատակներով, որն արտացոլված է համապատասխան պայմանագրով: Այն հայաստանյան զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի անվտանգությունը»,- ասաց նա:
Իսկ եթե Ռուսաստանն այլ նպատակով, այնուամենայնիվ, ցանկանա օգտագործել ռազմաբազան, ի՞նչ կանի Հայաստանը, փոխնախարարը պատասխանեց. «Երբ որ Հայաստանի անվտանգությանը գործը հասնի, պետք է համաձայնեցվի հայկական կողմի հետ»: