Բակո Սահակյանը շնորհավորել է դատախազության աշխատակիցներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:
Մենք ամեն տարի նշում ենք այս տոնը ու կարևորում ձեր չափազանց պատասխանատու և պահանջված աշխատանքը մեր երկրի կյանքում ու Արցախի պետականաշինության գործընթացում:
Դատախազությունը մեր հանրապետության այն կառույցներից է, որն իր ամենօրյա բարդ ու դժվարին աշխատանքով պաշտպանում է պետության ու հասարակության շահերը, պահպանում օրինականությունը, կազմակերպում անզիջում պայքար հանցավորության դեմ: Եվ պատահական չէ, որ գերատեսչության առջև ծառացած խնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, հետևողականորեն արվում է հնարավորը ձեր աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական հարցերի լուծման ուղղությամբ:
Թանկագի՛ն բարեկամներ,
Դատախազության օրվա առթիվ մեկ անգամ ևս շնորհավորում եմ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»: