Շավարշ Քոչարյանը նախագահների հանդիպումից լուրջ ակնկալիքներ չունի
«Ակնկալիքներ կարող են լինել մի դեպքում, եթե ադրբեջանական կողմը վերջ դնի իր այդ մոտեցմանը` «կամ ամեն ինչ, կամ ոչինչ», և փորձի ուժի դիրքերից կորզել իր համար ավելի նպաստավոր լուծում: Դա անհնարին է»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն ու դրանից ունեցած ակնկալիքներին:
Ըստ նրա՝ քանի դեռ Ադրբեջանում դա չի երևում, ապա ինքը լուրջ ակնկալիքներ չունի: Սակայն, ըստ Շ.Քոչարյանի, դա չի նշանակում, որ նմանատիպ հանդիպումները պետք չեն. «Նույնիսկ պատերազմող երկրների դեպքում լինում են հանդիպումներ, բանակցություններ»:
Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիև ձևաչափով հանդիպման ժամկետին ու վայրին, Շ.Քոչարյանն ասաց, որ այդ մասին կհայտարարվի հավելյալ: