Գորիկ Հակոբյան. Կանխվել են հրեշավոր վտանգներ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը պատասխանել է նոյեմբերի 25-ին Երևանում զինված հանցավոր խմբի վնասազերծման առնչությամբ որոշ մեկնաբանությունների վերաբերյալ «Արմենպրես» գործակալության հարցին:
-ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված հայտնի միջոցառումներից հետո լրատվամիջոցներում հայտնվեցին նաև տարօրինակ և երկիմաստ մեկնաբանություններ, որ իբր այն «բեմականացված» էր կամ միտված ահաբեկելու, ճնշելու ընդդիմադիր ուժերին, որով իսկ փորձ է արվում քաղաքական երանգ հաղորդել իրականացված հատուկ գործողություններին:
-Հիշեցնեմ, որ ազգային անվտանգության ծառայությունն ապաքաղաքականացված կառույց է և մեր բոլոր գործողությունները միտված են Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Բացահայտվել ու ձերբակալվել է զինված հանցավոր խումբ, առգրավվել մեծ քանակի զենք և ռազմամթերք, կանխվել են հրեշավոր վտանգներ, և դժվար է պատկերացնել խմբի հնարավոր գործունեության դեպքում որքան զոհեր և ինչ հետևանքներ կարող էին լինել:
Ցանկանում եմ ընդգծել, որ երբ գիշերը կազմակերպվեց վարձակալված առանձնատան վրա գրոհը, ՀՀ ԱԱԾ «Ալֆա» հատուկ ջոկատայինները տեղյակ էին հանցավոր խմբի մասնակիցների զինված լինելու մասին, բայց սեփական կյանքը զոհաբերելու պատրաստակամությամբ չվարանեցին, չընկրկեցին և մշակված ու կազմակերպված գործողությունների արդյունքում վնասազերծեցին հանցավոր խումբը: Ընդ որում գործողության ընթացքում ոչ մի զոհ չեղավ: Զարմանալի է, որ ի պատասխան այս անձնազոհության և հայրենասիրության՝ այսօր նրանք պիտի կարդան նման մեկնաբանություններ, նրանց աշխատանքը նման գնահատականի արժանանա:
Կարծում եմ` այս դեպքում տարօրինակ մեկնաբանությունների փոխարեն պետք է շնորհակալություն հայտնել հատուկ գործողությունն իրականացրած աշխատակիցներին:
Իսկ այդ «մասնագետներին» առաջարկում ենք հետագայում մասնակցել գործով դատական նիստերին և հուսով ենք այն հնարավորություն կտա գիտակցել, որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար անհիմն հայտարարություններ անելով առաջին հերթին հենց իրենց են հեղինակազրկում:
Գալու է ժամանակը և նրանք ապաշխարելու են, գոնե հոգու խորքում ամաչելու են՝ իրականացված գործողություններն պիտակավորելու և հանրությանը ապակողմնորոշելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն հրապարակել է զինված խմբավորման վնասազերծման տեսանյութ
- ԱԱԾ-ն հրապարակել է հանցավոր խմբավորման մասնակիցների մոտ հայտնաբերված զենքերի տեսակները
- Լուսանկարներ զինված խմբավորման վնասազերծումից
- ԱԱԾ. Հանցավոր խումբը նպատակ է ունեցել ՀՀ տարածքում ծանր հանցագործություններ կազմակերպել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան