Վարդուհի Վարդերեսյանը մի ամբողջ դպրոց էր կրում իր մեջ. Տիգրան Ներսիսյան
«Վարդուհի Վարդերեսյանը մի ամբողջ դպրոց էր կրում իր մեջ ու դպրոցը տարածում էր իր շուրջը»,- Panoarama.am-ի հետ զրույցում այսպես բնորոշեց մեծ դերասանուհուն ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը: Շատ ներկայացումներում Տ.Ներսիսյանի խաղընկերը եղել է հենց ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը:
«Նա իր ամբողջ կյանքը նվիրեց թատրոնին: Մանկուց եմ ճանաչում նրան: Մեր ընտանիքի բարեկամն էր, խաղացել է նաև հայրիկիս (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյան) հետ:
Նա շատ էր ցանկանում, որ իրենց հետո ես խաղամ Ջոնիի դերը (Վիլյամ Սարոյան, «Իմ սիրտը լեռներում է») և ես խաղացի: Ավելորդ շռայլություններ չէր սիրում: Երբեք անհարկի գովեստի խոսքեր չէր ասում: Շատ խստապահանջ էր գործի նկատմամբ, իր նկատմամբ, իր խաղընկերների նկատմամբ: Ամեն ինչ անում էր, որպեսզի ամեն ինչ հասներ այն որակի, այն մակարդակի, որ ինքն էր ուզում: Պահեր էին լինում, երբ իր կարծիքով պրոֆեսոինալ չէր, հարիր չէր թատրոնին, արվեստագետին, անպայման արտահայտվում էր:
Պահանջկոտ էր, պարտաճանաչ: Թատրոնը պահանջում է լիարժեք նվիրում: Թատրոնի ռեժիմը ծանր է, երբեք չէր տրտնջում, չէր հոգնում: Զայրանում էր, երբ ուշանում էին փորձերից կամ չէին գալիս»,- ասաց Տ. Ներսիսյանը:
Շատ պատմություններ է հիշում Վարդուհի Վարդերեսյանի մասնակցությամբ: Պատմեց դրանցից մեկը. «Կորոլկովի «Չորս հարցաքննություն» հեռուստատեսային ներկայացման փորձեր էին ընթանում: Երկուսով էինք միայն այդ ներկայացման մեջ հանդես գալիս: Երբ ամբողջ ներկայացումը պատրաստ էր, մի անգամ էլ պետք է փորձ անեինք: Ներկա էին նաև մարդիկ գեղխորհրդից: Մի տեսարան կար, երբ ես պետք է հարձակվեին նրա վրա ու հրեի: Երիտասարդ էի, շատ ոգևորված էի խաղում: Առոթին նստած էր, այնպես հրեցի, որ մեջքի վրա ընկավ: Շատ ուժեղ ընկավ, գլուխը կպավ գետնին: Բոլորը շունչները պահած նայում էին: Ես մեռած էի, թաղած չէի, դեմքս կապտել էր, համարյա լացում էի: Վարդուհի Վարդերեսյանը մի պահ գլուխը թափ տվեց: Ջուր տվեցինք: Անընդհատ ասում էի՝ ինչ արեցի տիկին Վարդուհի, ներեցեք: Նա նայեց ինձ, տեսավ իմ կապույտ դեմքը ու սկսեց ինձ հանգստացնել, թե բան չի եղել, մի անհանգստացի: Ես հասկանում էի, որ ահնար էր այդ պահին գլուխը չցավեր, բայց նա տեսավ, թե ինչքան է իմ վրա ազդել ու սկսեց ինձ հանգստացնել: Հրաշալի հատկություններ ուներ»:
Նաև նեղացկոտ է եղել. «Ընդվզումներ կային իր մեջ, բողոքներ: Ինձանից էլ էր նեղանում: Բայց հետո գալիս ու հաշտվում էր: Ես երիտասարդ էի, ես պետք է գնայի հաշտվելու, բայց նա էր գալիս: Բարդույթներ չուներ»:
Տիգրան Ներսիսյանի մասնակցությամբ վերջին ներկայացումը, որ դիտել է Վարդուհի Վարդերեսյանը, եղել է Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ»-ը (2014 թ.). «Վատառողջ էր, չկարողացավ ներկա լինել պրեմիերային: Հեռախոսով անընդհատ խոսում էինք, ասում էր՝ հենց լավ զգամ, գալում եմ անպայման դիտելու ներկայացումը: Մի օր զանգեց և ասաց, որ արդեն լավ է զգում իրեն, ուզում է գալ: Եկավ և երեք ժամ դիտեց: Վերջում շնորհավորեց: Նրա ամեն մի բառ ոգևորող էին»:
«Համոզված եմ, որ որ իր աստղը միշտ ուղեցույց կլինի մեզ երկնքում»,- ասաց Տիգրան Ներսիսյանը:
ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանը մահացել է նոյեմբերի 24-ին:Հոգեհանգիստը այսօր է՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 27-ին, 12:00-14:00-ն, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Կոմիտասի անվան պանթեոնում:
Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին, Ռումինիայի Ֆոքշան քաղաքում, այնուհետև, ապրել Բուխարեստում: 1946 թվականին Վ. Վարդերեսյանը հայրենադարձվել է և նույն թվականին ընդունվել Գյումրու Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի ստուդիան: 1947 թվականին աշխատանքի է անցել նույն թատրոնում: Առաջին դերակատարումներն իսկ մեծ ճանաչում բերեցին երիտասարդ դերասանուհուն և թատրոնը լցվեց նոր երկրպագուներով` ուղեկցելով նրան մինչև կյանքի վերջ: Մարգարիտ «Պատվի համար», Դեզդեմոնա «Օթելլո», Լարիսա «Անօժիտը» և այլ նշանավոր դերերը ճանապարհ հարթեցին դեպի Մայր թատրոն:
Մեկը մյուսից փայլուն դերակատարումներն ապացուցեցին, որ Վարդուհի Վարդերեսյանի համար անհնարին ոչինչ չկար. օժտված ձայնային հրաշալի տվյալներով, չափազանց պլաստիկ, ճկուն մարմնով, ու խորախորհուրդ աչքերով, դերասանուհին կարող էր մարմնավորել ցանկացած դեր:Բավական է հիշել Ջոնիի կերպարը` Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» թատերախաղում, որը մարմնավորեց շուրջ 17 տարի:
Հարուստ ու բազմազան են բեմերում, հեռուստաթատրոնում և կինոյում հայ բեմի Մեծ դերասանուհու կերտած հարյուրավոր դրամատիկական, հերոսական, կոմիկական կերպարները: Նրա կերտած դերերից են՝ Մարգարիտ «Պատվի համար», Մարիամ «Մոր սիրտը», Թագուհին «Կարինե» երաժշտական ֆիլմում, Մարգո «Վերջին մեխակներ», թագուհի «Ջոն արքա», Նուարդ «Արա Գեղեցիկ», Էլիզաբեթ «Սալեմի վհուկները», Նաստասյա Ֆիլիպովնա «Ապուշը», Անույշ «Պաղդասար աղբար», Ելենա Սերգեևնա «Սիրելի Ելենա Սերգեևնա», Արուս «Հարսնացուն հյուսիսից», Յոթծովիմերան «Հացավան», Մարքրիտ «Խաթաբալա», Մարիամ իշխանուհի «Հին աստվածներ», Ռանևսկայա «Բալենու այգին», Շնորհիկ «Ախացելը», Քլերի Ցախանասյան «Ծեր տիկնոջ այցը» և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում