Ոչ մի նախարար, ոչ մի օրենք չի կարող փոխել կոռուպցիոն երևույթները. Արմեն Աշոտյան
Կրթության ոլորտում սովորաբար կոռուպցիոն երևույթների առկայությունն ավելի է մատնանշվում` չխորանալով խնդրի ծագման և պրոբլեմների գոյության հիմնավորումների մեջ: Այդ մասին այսօր ՀՀ կրթության, գիտության նախարարության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի կազմակերպած «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարի պնդմամբ, կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել բացարձակապես գերատեսչական կամ քաղաքական պայքար:
«Եթե հարցադրումն ի սկզբանե դնում ենք, որ կոռուպցիայի պայքարի համար պատասխանատու է մի գերատեսչություն, ապա ակնհայտ է, որ այս խնդիրը չի կարգավորվի, որովհետև կոռուպցիոն երևույթների հանրային ընկալման մշակույթը հանդուրժող է», -նկատեց Աշոտյանը:
Նրա խոսքով, ուսանողության մի ստվար հատված շահագրգիռ է այլընտրանքային եղանակներով քննություն ստանալու հարցում, հետևաբար, ոչ մի նախարար, ոչ մի օրենք չի կարող փոխել այս երևույթը, եթե չփոխվի մտածողությունը, եթե կոռուպցիայի նկատմամբ չձևավորվի զրոյական հանդուրժողականության մշակույթ: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը, ըստ Աշոյանի, յուրաքանաչյուր մարդ պետք է սկսի իրենից «ոչ թե ահազանգել և սպասել, թե նախարարն ինչ է անում»:
Նախարարը նաև նկատեց, որ ոչ մի առանձին վերցրած նախարարություն, գերատեսչություն կամ կառավարություն չի կարող զուտ վարչական, քրեական, բյուրոկրատական եղանակներով ապահովել հակակոռուպցիոն ծրագրի արդյունավետություն, եթե բուն շահառուները, հասարակության տվյալ հատվածը, որը գործ ունի այս թիրախում, չի կիսում այդ պայքարի առաջնահերությունները, չի կիսում խնդրի կարևորությունը և եթե կրթական ծառայությունների վերջնական սպառողը չի դառնում իրենց դաշնակից, ապա դժվար է խոսել հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա