Պատժի կատարման համակարգի բարեփոխումներին է միտված պրոբացիայի ծառայության ստեղծումը. Ա.Դանիելյան
«Հայաստանում պատժի կատարման համակարգը գտնվում է բարեփոխումների փուլում, փորձ է արվում զուտ պատժողական քաղաքականությունից անցում կատարել վերականգնողական քաղաքականության: Այսօր ստեղծված իրավիճակի բարեփոխմանն է ուղղված նաև պրոբացիայի ծառայության ստեղծումը»,- «Ազատազրկված դատապարտյալների մեկուսացվածության աստիճանի փոփոխությունը և դրա ազդեցությունը պայմանական վաղաժամկետ ազատման վրա» թեմայով կլոր սեղանի քննարկման ժամանակ ասաց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արման Դանիելյանը:
Նա նաև նշեց, որ աշխարհում ընդունված է դատապարտյալի աստիճանաբար ազատման մեխանիզմը, երբ դատապարտվելուց հետո ժամանակի ընթացքում ռեժիմները փոխվում են, թուլացվում են, այդ ընթացքում դատապարտյալը պատրաստվում է նաև հասարակության մեջ ապրել, կամաց-կամաց հարմարվել իրավիճակին, նույնիսկ աշխատանք ունենալ և նոր պայմանական վաղաժամկետ ազատվել:
«Սրանց հետ կապված մեր օրենսդրությամբ կան խնդիրներ»,- ասաց Ա.Դանիելյանը:
Քննարկման ներկա արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետ Բագրատ Ղազինյանն ասաց, որ ներկայումս արդարադատության նախարարության կողմից մշակվում են օրենսդրական փոփոխություններ, որոնց միջոցով փորձելու են առկա խնդիրները լուծել:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանացի փորձագետ. Քրեակատարողական համակարգում բարեփոխումները բարդ լուծումներ են պահանջում
- Իրավաբան. ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը ամենախնդրահարույցներից է