Հայկական կողմը կարող է տարեկան 250-300 հազար գլուխ ոչխար արտահանել Իրան. նախարար
Հայաստանը Իրանի հետ կարող է համագործակցել գյուղատնտեսության բնագավառի մի շարք ճյուղերում: Մասնավորապես, երկկողմ փոխգործակցության համար առավել հեռանկարային են այն ոլորտները, որոնցում Իրանն ունի բավականին մեծ առաջընթաց` սերմնաբուծությունը, պտղաբուծությունը, կաթիլային ոռոգումը: Այս մասին նշել է գյուղնախարար Սերգո Կարապետյանն՝ այսօր Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարիի հետ Մասիս քաղաքում գտնվող «Ոսկե կացին» ՍՊԸ-ի սպանդանոց այցի ընթացքում:
ԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարը համագործակցության հնարավոր ուղղություններից է համարել նաև հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, հատկապես անասնապահության ոլորտում` պատրաստի մսամթերքը հետագայում դեպի Իրան արտահանելու նպատակով: Այս առումով նախարարը տեղեկացրել է, որ նկատի ունենալով Իրանում Հայաստանից ներկրվող ոչխարի մսի պահանջարկը, հայկական կողմը կարող է տարեկան 250-300 հազար գլուխ ոչխար արտահանել Իրան:
Միաժամանակ նախարարը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել հարևան երկրի ներկայացուցիչներին Հայաստանում ներդրումներ իրականացնելու գործում։
Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարին հավելել է, որ շնորհիվ բարձր որակական հատկանիշների` Իրանում մեծ է հատկապես հայկական անասապահական և թռչնաբուծական ատրադրանքի, կաթնամթերքի և մսամթերքի պահանջարկը:
Սպանդանոցում նախարարի շրջայցի ընթացքում գլխավոր տնօրեն Առնոլդ Մանուկյանը տեղեկացրել է, որ գործունեության սկզբում այստեղ 1 հերթափոխի ընթացքում մորթի էին ենթարկվում 700 գլուխ կենդանիներ, ներկայումս այդ թիվը հասցվել է 1000 գլխի, և նախատեսվում է հետագայում 1 հերթափոխում իրականացնել 1500 գլուխ կենդանու մորթ: Մինչև հաջորդ տարվա մայիս ամիսը նախատեսվում է կազմակերպել նաև խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: Այժմ շինարարական աշխատանքներ են տարվում խոշոր եղջերավոր կենդանիների մորթի հոսքագիծ կառուցելու նպատակով: