Օտարերկրյա զբոսաշրջիկները նախընտրում են Հայաստան այցելել նաև գյուղական տուրիզմի նպատակով. մասնագետներ
Երևանում այսօր մեկնարկեց Ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ (CerTour) ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը, որին մասնակցում էին մասնագետներ Հունաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, ինչպես նաև տուրիզմի, մասնավորապես՝ ագրոտուրիզմի ոլորտով հետաքրքրված ասոցիացիաների, տուրիստական գործակալությունների, հյուրատների ներկացուցիչներ:
Ինչպես կոնֆերանսի բացմանը նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ծրագիրը վերաբերում է ագրոտուրիմի զարգացմանը, այս ոլորտում որակական չափանիշների ներդրմանն ու միջազգային կառույցներին ինտեգրմանը:
Նրա խոսքերով՝ ներկայումս ագրոտուրիզմը դարձել է տուրիստական արդյունաբերության առաջատար ճյուղերից մեկը, որի զարգացմամբ կլուծվի միաժամանակ մի քանի խնդիր։
«Այս հատվածի զարգացումը կնպաստի մարզերի համաչափ զարգացմանը, բնակչության աճին, զբաղվածության մեծացմանը, գյուղատնտեսության արտադրանքի ավելացմանը: Հայաստանում զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը պետական քաղաքականության հիմնախնդիրներից է, իսկ ագրոտուրիզմի զարգացումն այդ շրջանակներում խիստ կարևորվում է, քանի որ այն նպաստում է համայնքներում զբոսաշրջության զարգացմանը»,- ասաց Մ.Ապրեսյանը:
Ըստ նրա՝ այս ծրագիրը նոր միջոց է նաև զբոսաշրջային արդյունքի մրցունակության, որակի բարձրացման առումով, քանի որ միայն միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ ունենալու դեպքում կարող է Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերությունը մրցունակ լինի:
«Էկոտուրիզմի ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Գալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր արդեն կարող են ասել, որ գյուղական տուրիզմը Հայաստանում զարգացել է, մինչդեռ 10 տարի առաջ դրա մասին միայն երազում էին:
Նրա խոսքերով՝ ավանդական պատմամշակութային զբոսաշրջային ձևերից բացի, շատ օտարերկրյա զբոսաշրջիկներ նախընտրում են մեր երկիր այցելել նաև գյուղական տուրիզմի նպատակով։
«Արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվ հանգստի նպատակով զբոսաշրջիկները Հայաստան են այցելում ուսումնասիրելու մեր գյուղական համայնքները, վայելելու բնությունը և ծանոթանալու տեղաբնակների ապրելակերպին և ավանդույթներին: Հայաստանն ունի գեղեցիկ բնություն, մշակութային հսկայական ժառանգություն և ցանկացած զբոսաշրջիկի այստեղ մենք ցույց տալու շատ բան ունենք»,- ասաց Ժ.Գալյանը:
Անդրադառնալով «CerTour» ծրագրին, նա նշեց, որ ծրագրի նպատակն է որակի միասնական յուրահատուկ չափորոշիչների և հավաստագրման գործընթացի ներդրմամբ խթանել ագրոտուրիզմը գործընկեր երկրներում և բարելավել մատուցվող ծառայությունների որակը: