ԱԱԾ-ն կպարզի՝ Արթուր Վարդանյանը կապ ունեցե՞լ է «Իսլամական պետություն» խմբավորման հետ
Ազգային անվտանգության ծառայությանը հաջողվել է բացահայտել և վնասազերծել զինված խումբ, որն իր զինվածության մակարդակով, անդամների քանակով, կազմակերպվածությամբ և ծրագրավորված հանցագործությունների վտանգավորությամբ ինչու չէ նաև դաժանությամբ իր նախադեպը չի ունեցել Հայաստանի տարածքում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
«Կոնկրետ նպատակների իրականացման համար եղել է դերաբաշխում, և յուրաքանչյուր անդամ իմացել է իր դերն ու պարտականությունները, և խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով», -հայտարարեց Համբարձումյանը` ընդգծելով, որ այս պահին նախաքննության շրջանակներում իրենք փորձում են պարզել գումարների ստացման և ծագման աղբյուրները:
Խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը, ըստ ԱԱԾ պաշտոնյայի, ամեն ջանք գործադրել է, որ խումբը գործի գաղտնի և այդ նպատակով խմբի անդամներին բաժանվել են գաղտնի հեռախոսահամարներ, որոնցով նրանք կապ են պաշտպանել միմյանց հետ:
ԱԱԾ պաշտոնյան ասաց նաև, որ իրենք տեղյակ են, որ Արթուր Վարդանյանը եղել է Սիրիայի տարածքում: Պատասխանելով հարցին, թե արդյոք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ Արթուր Վարդանյանի կապը տեսնո՞ւմ է նախաքննությունը, պաշտոնյան պատասխանեց. «Մեր համապատասխան խողովակներով աշխատանքներ կկատարվեն պարզելու, թե նա դրսում կոնկրետ ինչ գործունեությամբ է զբաղվել, ինչ կապեր ունի և արդյոք մեզ հայտնի կազմակերպությունները կապ և առնչություն ունե՞ն տվյալ դեպքի հետ, թե՞ ոչ»:
Խմբի գործունեությունը հայտնվել է ԱԱԾ աշխատակիցների ուշադրության կենտրոնում և նրանց գործողությունների նկատմամբ իրականացվել հսկողություն:
«Մեր աշխատակիցները հստակ գիտակցում էին, որ տունը վերածվել է զորանոցի, որտեղ գտնվում են զինված մարդիկ, և նրանք իրենց ձեռքի տակ ունեն ինքնաձիգեր, նռնակներ, պայթուցիկ սարքեր: Չնայած այդ ամենին, մեր աշխատակիցները գրոհել են տունը և հաշված վայրկյանների ընթացքում վնասազերծել տանը գտնված անձանց», -ներկայացրեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը:
Անդրադառնալով սոցիալական ցանցերում ԱԱԾ գործունեության վերաբերյալ հնչած թերահավատ հայտարարություններին և տեսակետին, թե իբր տեղի է ունեցել բեմականացում, Համբարձումյանն արձագանքեց. «Այն, ինչ տեսել եք, իրական են, համապատասխանում են իրականությանը: Մեր գործողությունները որևէ կերպ կապված չեն քաղաքական զարգացումների հետ և խնդրում եմ հաշվի առեք, որ բացահայտվել է հանցավոր մի խումբ, որը ունեցել է հստակ ծրագրավորված նպատակներ, մշակված եղանակներ այդ հանցագործությունը կատարելու համար ու ունեցել թիրախներ»:
Իսկ զինված խմբի համար, Միքայել Համբարձումյանի խոսքով, ընտրված թիրախներ են եղել քաղաքացիներ, պետական, քաղաքական գործիչներ, իշխանության առանձին ճյուղեր, ինչպես նաև պետական մարմիններ:
«Այս պահի դրությամբ նախաքննության գաղտնիությունից ելնելով, չեմ կարող ասել, թե ում դեմ ինչ հանցագորոծություն է ծրագրվել», -ասաց Համբարձումյանը:
Ձերբակալված 21 անձանց նկատմամբ, ԱԱԾ պաշտոնյայի փոխանցմամբ, մեղադրանքն առաջադրվել են «բավարար ապացույցների» հիման վրա և շուտով նրանց կալանավորելու մասին միջնորդություն կներկայացվի դատարան:
Հարակից հրապարակումներ`
- Վնասազերծված զինված խումբը քաղաքական ուժերի հետ կապ չունի. ԱԱԾ
- Զինված խմբի թիրախում եղել են քաղաքացիներ, պետական գործիչներ, իշխանության առանձին ճյուղեր. ԱԱԾ
- ԱԱԾ-ն հրապարակել է զինված խմբավորման վնասազերծման տեսանյութ