Լեհաստանի դատախազությունը չի վիճարկի Պոլանսկու գործով դատարանի վճիռը
Լեհաստանի դատախազությունը հայտարարել է, որ չի գտել հիմքեր վիճարկելու դատարանի հոկտեմբերի 30-ի վճիռը՝ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկուն ԱՄՆ արտահանձնելու անհնարինության մասին: Դատախազությունը նշել է, որ Պոլանսկում ԱՄՆ չարտահանձնելու դատարանի վճիռը ճիշտ է:
Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կրակովի դատարանի որոշումը վերջնական չէ և կարող է վիճարկվել վերաքննիչ դատարանում: Եթե այս դատարանն էլ նույն վճիռն ընդունի, ապա դա վերջնական կլինի: Հակառակ պարագայում վերջին խոսքը Լեհաստանի արդարադատության նախարարինն է:
2009-ին Ցյուրիխի կինոփառատոնին մասնակցելու ժամանակ ֆրանսիական ու լեհական քաղաքացիություն ունեցող Պոլանսկուն ձերբակալել էին ԱՄՆ իշխանությունների պահանջով: Վերջինները ռեժիսորին մեղադրում են 1977 թվականին անչափահաս Սամանթա Գեյմերին բռնաբարելու մեջ: Մի քանի ամիս անց Պոլանսկին 4,5 միլիոն դոլար գրավով ազատ էր արձակվել, իսկ 2010-ի հուլիսին Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը մերժել էր նրա արտահանձնումը ԱՄՆ-ին ու վերջնականապես ազատ էր արձակել Պոլանսկուն: