Աստվածամուխ Ս. Գեղարդը դուրս կբերվի ամեն տարի՝ առաքյալների հիշատակության օրը
Նոյեմբերի 28-ին Աստվածամուխ Ս. Գեղարդը գանձարանից բերվելու է Ս. Էջմիածնի Մայր Տաճար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր աթոռի թանգարանների և արխիվի պատասխանատու տեր Ասողիկ քահանա Կարապետյանը՝ ընդգծելով որ այն առաջին դարից պահպանվում է հայ առաքելական եկեղեցում և այն Հայաստան է բերել Քրիստոսի 12 առաքյալներից Սուրբ Թադևոսը:
Նրա խոսքերով՝ պատմական բոլոր փաստերը վկայում են, որ Աստվածամուխ Ս. Գեղարդը հայոց եկեղեցուն պատկանող սրբություն է համարվում:
«Մինչ այս Սուրբ Գեղարդը դուրս էր բերվում յոթ տարին մեկ անգամ՝ Մյուռոնօրհնության օրը: Բայց արդեն մեկ տարի է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի որոշմամբ Սուրբ Թադևոս և Բարդուղեմեոս առաքյալների տոնը հիշատակվեց նաև որպես Սուրբ Գեղարդի ուխտի օր և արդեն այն դուրս կբերվի առաքյալների հիշատակության օրը»,-նշեց տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ այն Մայր տաճարում կդրվի առավոտից մինչև երեկո և մարդիկ հնարավորություն կունենան մոտենալու Գեղարդին՝ իրենց խնդրանքն ու աղոթքը մատուցելու, քանի որ այն իր մեջ ունի աստվածային զորություն՝ հոգու և մարմնի բժշկություն ապահովելու:
Մայր աթոռի թանգարանների և արխիվի պատասխանատուն նկատեց, որ տոնի հանդեպ ժողովրդի հետաքրքրությունը մեծանում է. «Այս տարի տարվա հենց սկզբից հանդիպել և զրուցել ենք տարբեր կազմակերպությունների հետ, այդ թվում տուրիստական ընկերությունների՝ կրոնական տուրիզմի ցանկի մեջ այս տոնը ներառելու համար»:
Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը հավելեց, որ Սուրբ Գեղարդի հանդեպ մեծ հետաքրքրություն ունեն ռուս հավատացյալները:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան