Նարիշկինը՝ Շարմազանովին. Թուրքիայի քաղաքական իշխանությունը դեռ զղջալու է
«Թուրքիան մեզ հարվածել է թիկունքից, ինչը հարիր է բացառապես վախկոտներին: Անշուշտ, կատարվածում մեղավոր է ոչ թե թուրք ժողովուրդը, այլ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը: Իսկ այդ ծանրագույն հանցագործության համար Թուրքիայի քաղաքական իշխանությունը դեռ զղջալու է»: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ԱԺ փոխնախագահ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Էդուարդ Շարմազանովը մտահոգություն է հայտնել Թուրքիայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցման կապակցությամբ:
«Խոցել ահաբեկչության դեմ պայքարող ռազմական օդանավը՝ նշանակում է աջակցել ահաբեկիչներին: Նախորդ տարի Թուրքիայի փոքր եղբայր համարվող Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հրամանով հայկական ուղղաթիռի խոցումը հավանաբար Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտ տպավորություն է ստեղծել, թե կարող են նման ծանրագույն հանցանքներն անպատիժ մնալ: Ինչպես գիտենք, աշխարհը փոխվում է, ձևավորվում են քաղաքական նոր մոտեցումներ, նոր իրավիճակներ, և այդ ընթացքում Հայաստանն ապացուցել է, որ Ռուսաստանի դաշնակիցն է, որ ռուս ժողովուրդը մեզ համար եղբայրական ժողովուրդ է: Իսկ Թուրքիան, ցավոք, վերջին 100 տարում այդպես էլ չի փոխվել»:
Էդուարդ Շարմազանովը Սերգեյ Նարիշկինին տեղեկացրել է, որ Հայաստանը ողջունում է վերջին օրերին Դումայում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն նախատեսող օրենքի նախագծի ընդունումը, քանի որ, ինչպես նշել է նա, անցյալի ոճիրներին համարժեք գնահատական չտալը ծնում է նոր ոճիրներ, այդ թվում՝ ահաբեկչական գործողություններ, որոնց ականատեսն ենք այժմ:
Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ միջազգային հարթակներում Ռուսաստանի Դաշնությանը աջակցելու համար: Նա ընդգծել է, որ անցյալի մեղքերը, ոճիրներն ու հանցանքները պետք է դատապարտվեն ըստ արժանվույն, ինչը հնարավորություն կտա խուսափելու նման հանցանքների կրկնությունից:
Նա շնորհակալություն է հայտնել 2016թ-ին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը Երևանում անցկացնելու հայկական կողմի առաջարկի համար: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵՏՄ շրջանակում հետագա աշխատանքներին և վերահաստատել համատեղ աշխատանքի կարևորությունը:
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. «Су-24»-ի վերաբերյալ թուրքական հիմնավորումները «անհեթեթ արդարացումներ են»
- Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից. Էրդողան
- «Վեստի». Տուրիզմի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը դադարեցվում է
- Մեդվեդև. Ռուսաստանը կսառեցնի ներդրումային ծրագրերը Թուրքիայում
- Սերգեյ Լավրով. Այս տրամաբանությամբ Թուրքիան կրող է խոցել նաև հյուսիսաատլանտյան դաշինքի ինքնաթիռները
- Սերգեյ Լավրով. Միջադեպը նման է ծրագրավորված սադրանքի
- Պուտինը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա
- Թուրքիան ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռ է խոցել