Սևանա լիճ բաց է թողնվել 371 000 գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ
Սևանա լճի Ձկնգետ գետի (Ծովագյուղ համայնք) գետաբերանին այսօր իրականացվել են գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ:
ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սևանա լիճ նախատեսված էր բաց թողնել 366 667 մանրաձուկ՝ 166 667 գեղարքունի և 200 000 ամառային իշխան: Մանրաձուկը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2015 թվականի հուլիսի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարության և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով ամրագրված չափաքանակներով: Սակայն նույն միջոցներով լիճ վաց թողնվեց մոտ 371 000 մանրաձուկ:
Մանրաձկան բացթողնման աշխատանքներին հետևել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը, տարբեր գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ, հարակից համայնքների բնակիչներ:
«Այսօր նախատեսված էր 366 700 մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ, սակայն այս պահին լիճ է բաց թողնվելու 371 000 գեղարքունի և ամառային իշխան տեսակի մանրաձուկ: Բացի այդ՝ ս/թ հունիս-հուլիս ամիսներին արտահերթ կարգով «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» կողմից լիճ էր բաց թողնվել մոտ 238 000 մանրաձուկ, այսինքն՝ 2015թ. կտրվածքով՝ մոտ 610 000 մանրաձուկ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ լճում ձկան պաշարներն ավելանում են, ինչը շատ ուրախալի և ոգևորիչ է մեզ համար: Սակայն մենք ունենք մի խնդիր՝ ապօրինի ձկնորսություն, հատկապես ձվադրման շրջանում իրականացվող ձկնագողություն, որի դեմ պետք է պայքարենք ազգովի, համատեղ ջանքերով: Ես կոչ եմ անում զե՛րծ մնալ ձկնորսություն իրականացնելուց, չխաթարե՛լ լճում ձկան բնական վերարտադրությունը, որպեսզի մոտ ապագայում մենք հասնենք ձկնապաշարի ցանկալի ծավալների և լճում արդյունագործական որսի հնարավորության հեռանկար ունենանք: Եթե մեզ հաջողվի ձվադրման շրջանում լիակատար կերպով կանխել ձկան ապօրինի որսը, ապա երկու տարի հետո մենք կկարողանանք խոսել արդյունագործական որսի հնարավորությունների մասին»,-նշել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման տարածքում 3 օր կազմակերպել շուրջօրյա հերթապահություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան