ՌԴ կողմից թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը նոր հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար. գյուղնախարար
«Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ ստեղծվել և գործում է Հայաստանի մսամթերք արտադրողների միությունը, և այսօրվա մեր հանդիպումը նպատակ ունի համատեղ քննարկել առկա խնդիրները` դրանց արդյունավետ լուծումներ տալու նպատակով»,-նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն՝ այսօր հանրապետության մսամթերք արտադրողների հետ հանդիպման ժամանակ:
Նախարարն իր խոսքում ասել է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության արդյունքում էականորեն դյուրինացել են հայրենական արտադրանքի արտահանման գործընթացները, սակայն մսամթերքի արտահանման ծավալները դեռևս բավարար չեն և այդ ուղղությամբ պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկել: Այս մասին հայտնում են ԳՆ մամուլի ծառայությունից:
Սերգո Կարապետյանը նաև հավելել է, որ ՌԴ-ի կողմից թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը նոր հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար։ Բացի այդ, մեր արտադրողներն արդեն կարող են ռուսական շուկա արտահանել նաև բաստուրմա և սուջուխ, ինչը ևս մեկ խթան է մսամթերքի արտահանման ծավալների ավելացման համար:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի մսամթերք արտադրողների միության նախագահ Արամայիս Բիլյանը, ոլորտում գործող մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:
Իրենց հերթին մի շարք արտադրողներ նշել են, որ արտահանման ծավալներն այս պահին ավելանում են, հայկական մսամթերքը որակյալ է, մրցունակ և ճիշտ աշխատանքի դեպքում կարող է մեծ պահանջարկ ունենալ ռուսական շուկայում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն առանձնահատուկ շեշտել է, որ տեղական շուկայում մսի իրացման հարցերի կարգավորման անհրաժեշտությունը: Նախարարը նշել է, որ վերջին տարիներին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացման արդյունքում` հեռագնա լեռնային արոտավայրերի ջրարբիացման շնորհիվ հանրապետությունում զգալիորեն ավելացել է անասնագլխաքանակը և հորդորել է մսամթերք արտադրողներին հատկապես նախատոնական առևտրի շրջանում, երբ գյուղատնտեսական կենդանիների մորթն ավելանում է, աջակցել գյուղացիական տնտեսություններին մսի իրացման հարցում:
Նախարար Կարապետյանն առաջարկել է ընկերություններին առավել ակտիվորեն համագործակցել սպանդանոցների հետ, ինչը նրանց հնարավորություն կտա մեր ազգաբնակչությանն ապահովել առավել անվտանգ, որակյալ մսամթերքով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան