«Հույս ունենք, որ Երևանից ուսանողները կվերադառնան իրենց ծննդավայր և կաշխատեն Ճամբարակում»
Գեղարքունիքի մարզում այսօր կբացվի ամբողջովին հիմնանորոգված և արդիական սարքավորումներով հագեցած սահմանամերձ Ճամբարակ համայնքի բժշկական կենտրոնը:
Կենտրոնը վերակառուցվել, հագեցվել է գույքով և ժամանակակից բժշկական սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերի շրջանակներում: Ծրագիրը հովանավորվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից, որի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը կենտրոնին տրամադրել է լրացուցիչ գույք և անհրաժեշտ սարքավորումներ:
Առողջության կենտրոնը ստեղծվել է «ճամբարակի պոլիկլինիկա» և «Ճամբարակի հիվանդանոց» ՓԲԸ-ների միավորման արդյունքում առողջապահական բոլոր ծառայությունները կենտրոնացնելով հիվանդանոցային մասնաշենքում: Արդիականացման գործընթացի շրջանակներոմ ամբողջովին փոխարինվել է երկհարկանի մասնաշենքի տանիքի ծածկը, վերակառուցվել են միջնապատերը, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները, կառուցվել է նոր կաթսայատուն, մոնտաժվել են համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը, իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման մի շարք այլլ աշխատանքներ:
Լրագրողների հետ զրույցում Ճամբարակի բժշկական կենտրոնի ղեկավար Արմենակ Մելքումյանը նշեց, որ այս կենտրոնի բացումը կարևոր նշանակություն ունի սահմանամերձ Ճամբարակի բնակիչների համար:
«Մեր կենտրոնը նախկինում գտնվում էր անմխիթար վիճակում և բնակիչները ստիպված բուժօգնություն էին ստանում այլ շրջանների հիվանդանոցներում: Սակայն դա բարդ խնդիր է, եթե հաշվի առնենք բնակիչների սոցիալական վիճակը: Այսօր մենք արդեն ունենք միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոն, որը հնարավորություն կտա համայնքի բնակիչներին տրամադրել որակյալ բուժսպասարկում»,- ասաց Ա.Մելքումյանը:
Նշենք, որ բժշկական կենտրոնը սպասարկում է Ճամբարակի տարածաշրջանի 13600 բնակչությանը:
Անդրադառնալով կադրերի խնդրին՝ բժշկական կենտրոնի ղեկավարն ասաց, որ կադրերի խնդիրն առկա է, մասնավորապես՝ նեղ մասնագտներին կարիք ունեն: Սակայն նա հույսն հայտնեց, որ վերակառուցված կենտրոնի բացումից հետո կադրերի հարցը որոշ չափով կլուծվի:
«Ճամբարակից մի քանի երեխաներ սովորում են Բժշկական համալսարանում և հույս ունենք, որ Երևանից նրանք կվերադառնան իրենց ծննդավայր և կաշխատեն վերակառուցված Ճամբարակի բուժկենտրոնում՝ փոխարինելով ավագ բժիշկներին»,- նշեց Ա.Մելքումյանը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ նշեց, որ բժիշկի համար ոչ միայն կարևոր են մասագիտական ունակությունները, այլ նաև սարքավորումներն ու պայմանները:
Ա.Մուրադյանը հայտնեց, որ մարզերում արդեն 13-րդ բժշկական կենտրոնն է բացվում, որից երկուսը՝ Գեղարքունիքի մարզում:
Նախարարը վստահություն հայտնեց, որ ճամբարակցիներն այլևս կարիք չեն ունենա հասնելու Երևան կամ հարևան համայնքներ:
Անդրադառնալով կադրային խնդրին՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ խնդիրը բնորոշ է բոլոր մարզերին, սակայն, ըստ նրա, կենտրոնների վիճակի բարելավումը կնպաստի երիտասարդ բժիշկների ներգրավմանը մարզային բուժհաստատություններ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում