Վնասազերծված խմբի բոլոր անդամները կալանավորվել են
Նոյեմբերի 27-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական ընդհանուր իրավասության դատարանում մինչև կեսգիշեր տևած դատական նիստերում որոշվեց Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի 21 անդամներին կալանավորել երկու ամսով: Այս գործով նախաքննությունն իրականացնող ԱԱԾ Քննչական վարչությունը խմբի անդամներին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, որն էլ բավարարվել է:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի Նորք Մարաշ համայնքում տներից մեկում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել էին մեծ քանակի ու տարբեր տեսակի զենք-զինամթերք՝ ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը եղել է խմբի 9 անդամները, սակայն հետո դրանց թիվն ավելացավ՝ հասնելով 21-ի: ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հայտարարել էր, որ զինված խմբի թիրախում են եղել քաղաքացիներ, քաղաքական, պետական գործիչներ, իշխանության առանձին ճյուղեր և պետական մարմիններ:
Հանցավոր խումբը, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, ղեկավարել է Արթուր Վարդանյանը: Առայժմ պաշտոնապես նրա անունն է հրապարակվում: Խմբի մյուս անդամների անունները պաշտոնապես չեն հրապարակվել:
Այս դեպիք առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ ՔՕ 223 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը 1. Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):