Արտաքին լուսավորությամբ է ապահովվել թվով տասներորդ համայնքը՝ սահմանամերձ Գոմքը
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում ավարտել են ընթացիկ տարում համատեղ իրականացվող արդեն 10-րդ նախագիծը: Վայոց Ձորի մարզի Գոմք համայնքում տեղակայվել է 37 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գոմք համայնքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը և համայնքի բնակիչներ:
Նախիջևանի սահմանից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող Գոմքն ունի մոտ 300 բնակիչ: Այստեղ իրենց գործունությամբ հատկապես աչքի են ընկնում երիտասարդները: Տարբեր խմբերի ջանքերով Գոմքում կառուցվել է խաղահրապարակ, մշակութային տուն, գործում է երեխաների զարգացման կենտրոն, կանանց կոոպերատիվ՝ ներգրավված ջերմոցային, սառնարանային տնտեսություններում, սերմերի և սածիլների արտադրությունում:
ԽՍՀՄ փլուզումից ի վեր համայնքի կարևոր հիմնախնդիրներից մեկն է եղել արտաքին լուսավորության ենթակառուցվածքի բացակայությունը: Գոմքում իրականացված աշխատանքների շնորհիվ՝ գործարկվել է արտաքին լուսավորության լուսադիոդային նոր համակարգը, որը կլուսավորի գյուղի գրեթե 60 %-ը՝ 1,300 մ տարածությամբ:
«Ընթացիկ տարում սա մեր այցելած արդեն տասներորդ համայնքն է: Այս ծրագրի հիմքում կա սոցիալական աջակցության տարրը: Բուն նպատակը, սակայն, ավելի կարևոր է. ձեր աչքերում տեսնել հույս և լավատեսություն՝ վաղվա օրվա հանդեպ: Լուսավորվել է Գոմքի տարածքի կեսից ավելին: Եթե յուրաքանչյուրիդ մեջ դրա կիսով չափ ավելանա լավատեսությունը՝ կարող ենք ծրագիրը հաջողված համարել: Միշտ հիշեք, որ դուք մենակ չեք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Ամռանը փողոցը լուսավորված կլինի 22:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման: