Թուրքագետ. Դավութօղլուի՝ Արցախի վերաբերյալ խոսքերի շահարկում է տեղի ունենում
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ «գրավված տարածքների» մասին հայտարարությունների վերաբերյալ տեղեկատվական դաշտում՝ մասնավորապես ռուսական մամուլի հրապարակումներում որոշակի թյուրիմացություն կա: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
«Սա ոչ թե Դավութօղլուի կողմից հայտարարություն էր, այլ Թուրքիայի նոր՝ 64-րդ կառավարության ծրագրում արտաքին քաղաքականության հատվածում նշված ձևակերպումներն են: Սա պրոտոկոլային գործընթաց է: Նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունը ներկայացնում է իր ծրագիրը: Եվ այն, ինչ շրջանառվում է մամուլում Հարավային Կովկասում ու արցախյան խնդրի հետ կապված արտաքին քաղաքականության հատվածի մի փոքր մասն է»,-ասաց թուրքագետը:
Նշենք, որ ռուսական մամուլն առանձնացրել էր ծրագրի՝ արցախյան խնդրին վերաբերող մասը, դրանք ներկայացրել որպես Դավութօղլուի հայտարարություն, ապա գնահատել, որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում սրել իրավիճակը:
Լևոն Հովսեփյանն ընդգծում է, որ Թուրքիայի կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության հատվածում որևէ նորություն չկա, Դավութօղլուի ելույթում որևէ արտառոց բան չկա, 64-րդ կառավարության ծրագրում Արցախի խնդրի, Հայաստանի հետ հարաբերությունների հետ կապված շեշտադրումներն ամբողջությամբ կրկնում են նախորդ կառավարության ծրագրի դրույթները:
«Եթե ուշադիր նայենք, նույնիսկ 61-րդ կառավարության ծրագիրն էլ նույն շեշտադրումներն ուներ, այսինքն որևէ բան չի փոխվել: Այստեղ արտառոց բան չկա, սենսացիա սարքելն անիմաստ է: Նույն շեշտադրումներն են, ինչ վերջին մի քանի տարիներին անընդհատ տարբեր առիթներով ու տարբեր մակարդակներով Թուրքիայից հնչում են»,-ասաց Լ. Հովսեփյանը:
Նա նկատեց, որ ռուս-թուրքական հարաբերությունների լարված ֆոնին տեղեկատվական ու փորձագիտական դաշտերում Թուրքիայի վարչապետի խոսքերը փորձում են ինչ-որ արտառոց բան ներկայացնել ու դա կապել աշխարհքաղաքական վերջին զարգացումների հետ:
«Ռուս-թուրքական հարաբերությունների լարումը որևէ առնչություն չունի կառավարության ծրագրի ներկայացման հետ: Այս միտումն առավելապես նկատվում է ռուսական տեղեկատվական դաշտում: Արդեն նաև մեր տեղեկատվական դաշտում դա փորձում են ներկայացնել որպես ռուս-թուրքական լարվածության շրջանակում թուրքական կողմից արված նոր հայտարարություն»,-ասաց թուրքագետը:
Ինչ վերաբերում է այն քննադատություններին, թե Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը որևէ կերպ չի արձագանքել հարևան երկրի կառավարության ղեկավարի հայտարարություններին, ապա Լ. Հովեսփյանն այն համոզման է, որ ԱԳՆ-ի արձագանքի կարիքն էլ չկա:
«Վերջին տարիներին Թուրքիայից մենք անընդհատ նման հայտարարություններ լսում ենք, չեմ կարծում, որ ԱԳՆ-ի հստակ հայտարարություն պետք է լինի: Համենայն դեպս, տեղեկատվական դաշտում Դավութօղլուի խոսքերի հետ կապված շահարկումներ են տեղի ունենում»,-ասաց նա:
Թուրքիայի նոր կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության հատվածին վերաբերող մասը կարող եք կարդալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան