Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 150 տարեկան է
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերի 29-ին վերանորոգված, կահույքով ու լուսաձայնային սարքավորումներով վերազինված` Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմի բացման արարողությամբ, որի ընթացքում կցուցադրվի մեծ դերասանի մասին պատմող տեսանյութ: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Թատրոնի ճեմասրահում կբացվի նաև «Թատրոնը ժամանակի ափի մեջ» խորագրով արխիվային լուսանկարների և ներկայացումնների մանրակերտների ցուցահանդեսը, տեղի կունենա նաև
հոբելյանական երեկո:
Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում առաջին թատերական ներկայացումը Ալեքսանդրապոլում /Լենինական, Կումայրի,Գյումրի/ տեղի է ունեցել 1865 թվականի մայիսի 23-ին, թատերասերների ուժերով, Ա. Մելիք-Հայկազյանի օժանդակությամբ՝ բեմադրվել է Հ. Կարինյանի «Շուշանիկ»-ը: Նույն թվականին ռուս թատերասերները ներկայացրել են Գոգոլի «Ռևիզոր»-ը: 1866 թվականից կազմակերպվել է թատերական մասնախումբ: 1879 թվականին առաջին անգամ խաղացվել է Գ. Սունդուկյանի «Պեպոն»: 1888 թվականին իր փոքրիկ խմբով թատերասերների հետ ներկայացումներ է տվել Պ. Ադամյանը: Հետագայում հյուրախաղերով հանդես են եկել նաև անվանի շատ դերասաններ: Շեքսպիրյան դրամատուրգիան առաջին անգամ ներկայացրել է Կ. Գալֆայանը /«Համլետ», 1901թ./: 1917-1918 թվականներին ներկայացումներ է տվել Հ. Զարիֆյանը:
Խորհրդային իշխանության հաստատումից հետո թատերական գործը դրվել է կայուն հիմքերի վրա: 1922-1928 թվականներին գործել է Ալեքպոլի Քաղլուսվարի դրամատիկական թատրոնը /ղեկավար` Ա. Արմենյան/: 1928 թվականի նոյեմբերի 1-ին «Խռովություն» ներկայացումով նոր թատերաշրջանն է բացել արդեն պետականացված` Լենինականի Ա. Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը հետագայում, թատրոնի 100-ամյակի կապակցությամբ՝ 1965 թվականին արժանանացել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանի /մինչև 1938 թվականը կոչվել է նաև Երկրորդ պետթատրոն/: Թատրոնի կազմը հիմնականում բաղկացած էր տեղի Քաղլուսվարի թատրոնի և Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայի նորավարտ սաներից` Ա. Արաքսյան, Բ. Գաբրիելյան, Ա. Ռշտունի, Ա. Մկրտումյան, Ս. Սուրենյան, Ա. Հարությունյան, Ա. Երամյան և ուրիշներ: Ռեժիսորներ` Թ. Սարյան, Վ. Աճեմյան, նկարիչ` Շերիշև: Կարճ ժամանակ անց համալրվել է նոր ուժերով` Ա. Արմենյան, Լ. Զոհրաբյան, Ց. Ամերիկյան, Ե. Դուրյան-Արմենյան, Ա. Ասրյան, Մ. Գավրոշ, Մ. Հայկասար, Գ. Հարությունյան, Հ. Բադալյան, Կ. Արծրունյան, Ա. Փաշայան, Ժ. Էլոյան, Ա. Բերոյան: Այստեղ աշխատել են նաև Լ. Երամյանը, Մ. Ջանանը, Ս. Քոչարյանը, Դ. Մալյանը, Մ. Կոստանյանը: Բեմադրություններ են արել Ռ. Սիմոնովը, Ս. Խաչատրյանը, Լ. Քալանթարը, Ա. Գուլակյանը, Դ. Անտաձեն, Վ. Փափազյանը, Վ. Վաղարշյանը, Ա. Արմենյանը, Տ. Շամիրխանյանը: Թատրոնի ստեղծագործական կյանքում մեծ է Վ. Աճեմյանի վաստակը:
Լենինականի թատրոնում են իրենց ստեղծագործական մկրտությունը ստացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Մհեր Մկրտչյանը և Վարդուհի Վարդերեսյանը:
1985 թվականին, Խ. Աբրահամյանի մուտքով` Ա. Մռավյանի անվան թատրոնում սկիզբ առավ մի նոր ժամանակաշրջան, որը հիշեցրել է աճեմյանական ոսկեդարը: Մշակելով թատրոնի ուրույն գեղարվեստական ծրագիրը` Խ. Աբրահամյանը առաջնությունը տվել է ազգային ժամանակակից թատերգությանը:
Ավերիչ երկրաշարժից հետո`1989-1994 թվականների Գյումրիի արդեն վերանվանված` Վ. Աճեմյանի անվան թատրոնը ղեկավարել է Հ. Ղազանչյանը, ամբողջապես կազմավորելով թատերախումբը, ստեղծելով նոր խաղացանկ: 1994-1998 թվականներին Վ. Աճեմյանի անվան թատրոնը ղեկավարեց կինոբեմադրիչ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ալբերտ Մկրտչյանը: 2000-2003 թվականներին թատրոնը ղեկավարեց ՀՀ վաստակավոր արտիստ Ա. Գամջյանը: 2004-2014 թվականներին թատրոնի գեղարվեստական ղեկավարությունն ստանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, իսկ 2014 թվականի մարտից թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվել երիտասարդ ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում