Կոռուպցիան կրթության ոլորտում դարձել է ապրելակերպ. Կրթության ոլորտի փորձագետ
Կոռուպցիան կրթության ոլորտում այնքան է խորացել, որ ըստ էության, դարձել է ապրելակերպ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց ԵՊՀ դասախոս, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
«Կրթության ոլորտում, եթե դու ունես որոշակի դիրք, ազդեցություն, հնարավորություն ու այդ ամենը չօգտագործելը ի շահ քեզ, համարվում է միամտություն: Ինչո՞ւ է այդպես, որովհետև մենք ունենք ցածր աշխատավարձ. կրթության ոլորտում ուսուցիչները, կառավարիչները բավական ցածր աշխատավարձ են ստանում և որպեսզի բավարարեն ստանդարտները, պահանջները մարդիկ ստիպված գնում են այդպիսի քայլերի», -նկատեց Խաչատրյանը:
Կրթության ոլորտի խնդիրներից փորձագետը մատնանշում է նաև այն, որ ոլորտը դարձել է «աշխատանքի տեղավորման բյուրո»: «Շատ մարիկ, ովքեր չեն կարողանում այլ ոլորտներում աշխատանք գտնել, փորձում են տեղավորվել կրթության ոլորտում տարբեր կարգավիճակներով: Եվ խնդիրն այն է, որ իրոք, կրթության ոլորտը դառնում է երաշխավորված աշխատանք», -հիմնավորեց մեր զրուցակիցը` նկատելով, որ շատ տարածված է որոշակի գումարի դիմաց աշխատանքի ընդունվելու պրակտիկան:
Սերոբ Խաչատրյանը հանրակրթական դպրոցներում տարածված վատ երևույթ է համարում աշակերտների գնահատականները արհեստականորեն բարձրացնելը: «Ամենամեծ խնդիրն այն է, որ այսօր կրթության համակարգը արժեզրկված է: Այսինքն` նշաձողը իջեցված է և այդ իջեցումն ունի որոշակի գին, որը հենց կոռուպցիան է: Օրինակ` երեխայի գիտելիքները շատ ցածր են, դուք ուզում եք բարձր թվանշան, ես էլ եմ ուզում բարձր թվանշան, որպես դպրոցի տնօրեն կամ ուսուցիչ, որովհետև եթե իմ թվանշանները ցածր լինեն, ինձ կպատժեն: Դրա համար մենք դիմում ենք գործարքի` դուք ինձ գումար եք տալիս, ես ձեզ տալիս եմ թվանշան: Երկուստեք շահավետ փոխգործակցություն է ստացվում: Իմ երեխայի թվանշանը բարձր է, մյուս կողմից էլ դպրոցի ցուցանիշն է բարձր լինում: Սա, իսկապես, բավական լուրջ խնդիր է, և կրթության ոլորտում ստեղծվում է արհեստական վիճակ: Օրինակ դպրոցի ավարտական քննությունները մեզ մոտ 99.9 տոկոսը փակվում են դրական գնահատականներվ: Բայց եկեք այսպես ասենք` եթե մենք չօգնենք աշակերտին, արդյոք կունենա՞նք այդ նույն ցուցանիշը: Բնականաբար ոչ», -ներկայացրեց փորձագետը:
Կրթության ոլորտում կատարած հետազոտությունների արդյունքում եկել է եզրահանգման, որ կոռուպցիայի տեսանկյունից Հայաստանում վիճակն այսպիսին է` համակարգն անտեսված է այն առումով, որ այդ երևույթների դեմ պայքար չկա:
«Մի շատ լավ արտահայտություն կա` ցանկացած համակարգի արդյունավետությունը որոշվում է նրանով` թե որն է այն վատ վարքագիծը, որը դու կարող ես քո համակարգում հանդուրժել: Ինչո՞ւ, որովհետև եթե մեկ-երկու բան եղավ, դու հանդուրժեցիր, վատը ունի հնարավորություն բազմապատկվելու: Էդ դրամահավաքները, որոնք մասսայական չեն ու առանձին դեպքերում են լինում, այդ բաների արդյունք են. նշաձողը իջեցված է, և վատ վարքագիծը սկսում է բազմանալ», -հավելեց փորձագետը:
Ինչ վերաբերում է կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերին, Սերոբ Խաչատրյանն ասաց, որ հասարակությունը պակաս վստահություն ունի նման ծրագրերի նկատմամբ:
«Եթե նույնիսկ ինչ-որ միջոցառումներ են արվում, քայլեր են կատարվում, դա լուծման չի բերում, որովհետև մենք իրար չենք հասկանում: Շատ դեպքերում ես ցույց եմ տալիս որ ես չունեմ կոռուպցիա: Այսինքն` սա բերում է նրան, որ իրականում ոչ թե խնդիրը լուծվում է, այլ թաքցվում է: Այսինքն, մարդիկ փորձում են թաքցնել և դա անել գաղտնի», -նկատեց նա:
Վարչապետի նախագահությամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի գործունեությունից Խաչատրյանը որոշ ակնկալիքներ ունի.
«Միշտ էլ դրական պետք է տրամադրվենք, որովհետև սա դժվար, բարդ պայքար է, սա արմատներ ունեցող խնդիր է, բոլորս էլ գիտենք, որ ժամանակ է տանելու մեզանից: Միգուցե սերնդափոխություն պետք է լինի, նաև հետևողական պայքար պետք է լինի, մի քանի ճակատով պետք է լինեն քայլերը, որ արդյունք տան: Անհրաժեշտ է սա, որովհետև եթե ընդհանարպես ոչինչ չանենք, շատ ավելի վատ կլինի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները