Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով դուրս է բերվել Աստվածամուխ Ս. Գեղարդը
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում այսօր մեծ շուքով տոնվել է Հայոց աշխարհի առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` 2014 թ. նոյեմբերի 28-ի հայրապետական սրբատառ կոնդակով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հիմնադիրների տոնը հռչակվել է Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է սուրբ և անմահ Պատարագ:
Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, հայաստանյան թեմերի կիրակնօրյա դպրոցների ոսուցիչներ և բազում ուխտավորներ:
Օրվա կապակցությամբ Ս. Պատարագի ժամանակ հայրապետական թափորով Մայր Տաճար է բերվել նաև Աստվածամուխ Ս. Գեղարդը, որպեսզի հավատացյալ ժողովուրդը ողջ օրվա ընթացքում կարողանա համբուրել հրաշագործ Ս. Գեղարդը և ստանալ նրանից ճառագող աստվածային օրհնությունը:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:
Պատարագիչը մաղթել է, որ Տերը Ս. Գեղարդի նշանով և խաչի զորությամբ միշտ անսասան պահի Հայոց Եկեղեցին` յուրաքանչյուր հայ քրիստոնյայի ամուր ու հաստատուն պահելով Հայ Եկեղեցու գրկում:
Սուրբ Գեղարդը ի տես և ի երկրպագություն հավատացելոց Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան