Կասպրսկի. Հայաստանն ունի ՏՏ ոլորտում հետագա առաջընթացի մեծ հնարավորություններ
Երևանի չորս համալսարաններում անցկացվում են «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության «New Generation» սեմինարները
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում (ԵԿՏԱ) կայացած սեմինարով մեկնարկել է համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության «New Generation» խորագրով սեմինարների շարքը։ Այն նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին կշարունակվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում և Երևանի պետական համալսարանում։
Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերություն ներկայացուցչությունից հայտնում են, որ սեմինարների ընթացքում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հետազոտությունների և սպառնալիքների վերլուծության գլոբալ կենտրոնի ղեկավարի տեղակալ, Ռուսաստանյան հետազոտական կենտրոնի ղեկավար և Հակավիրուսային վերլուծաբանների ամենամյա համաժողովների (Security Analyst Summit) կազմակերպիչ Սերգեյ Նովիկովը ներկայացնում է հետևյալ թեմաները՝
1. Ներածություն։ Ընկերության մասին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնական միտումները
2. Համակարգչային սպառնալիքներ։ Երեկ, այսօր, վաղը
3. Մասնավոր տվյալների պաշտպանություն (Privacy): Խորհուրդներ և հանձնարարականներ։
ԵԿՏԱ-ում կայացած սեմինարի ընթացքում Սերգեյ Նովիկովը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին։
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակին արժանացած «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին նշում է. «Հայաստանն ունի ՏՏ ոլորտում հետագա առաջընթացի մեծ հնարավորություններ։ ՏՏ միջազգային շուկայում դիրքերն ամրապնդելու համար երկիրը պետք է մեծացնի որակյալ մասնագետների թիվը՝ կրթական, համալսարանական ծրագրերի զարգացման միջոցով»։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի խոսքով՝ Երևանի համալսարաններում անցկացվող սեմինարների նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, համակարգչային անվտանգության ոլորտի ապագա մասնագետներին արդիական գիտելիքների փոխանցումն է։ «Համակարգչային անվտանգության միջոցների կիրառումը հաճախ պահանջում է անհատական մոտեցում. յուրաքանչյուր կազմակերպություն ունի համակարգչային անվտանգության իր խնդիրները, որոնց ամբողջական լուծման համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ ուսանողները՝ ապագա մասնագետները, ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության լավագույն փորձագետներից»,- նշում է Արմեն Կարապետյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան