«Ոչ»-ի կողմնակից. Եթե ընտրության հնարավորությունը 50 տոկոսով կրճատում ես, դրա առաջընթացը ո՞րն է
Սահմանադրական փոփոխությունները բերելու են քաղաքական նոր մշակույթ: Այսօր Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Այո»-ի կողմնակից Արթուր Եղիազարյանը:
«Հայաստանում որևէ քաղաքական ուժ 50 և ավելի տոկոս ձայն չի ունեցել, բայց այդ մի ուժը գալիս ու դառնում է մեծամասնություն: Ինչի՞ հաշվին: Այդ մեծամասնական տեղերի հաշվին»,-ասաց նա:
Դաշնակցական գործիչն ասաց, որ անկախ Հայաստանի ընտրություններում ամենամեծ թվով ձայներ 2012-ին ստացել է ՀՀԿ-ն՝ 44 տոկոս. «Օգտագործելով վարչական, նյութական ռեսուրսները, բայց 44 տոկոսից ավելի չստացավ: Բազմակուսակցական երկրում դժվար է, որ մի կուսակցությունը շատ ձայներ հավաքի: Բայց ինչպե՞ս դարձավ մեծամասնություն: 41 ընտրատարածքներում մեծամասնական կարգով ընտրվածները կամ ՀՀԿ-ական են կամ այդ ուժին մոտ կանգնած մարդիկ էին վերցնում, օլիգարխների կամ այլ մարդկանց տեսքով: Պառլամենտում միավորվում էին ու դառնում մեծամասնություն: Ստացվում է, որ հենց գործող Սահմանդրությունն է նպաստում միակուսակցական համակարգին: Պետական կառավարման այնպիսի մեխանիզմ է, որ կամ ամեն ինչ վերցնում ես, կամ ամեն ինչից զրկվում ես»:
Բնակիչներից մի քանիսը հետաքրքրվեցին, թե ի՞նչ երաշխիք, որ այդ նույն օլիգարխներն ապագայում չեն դառնա խորհրդարանական: Ի պատասխան Եղիազարյանն ասաց.«Ես չեմ կարող երաշխիք տալ, դրա համար այդ ուժերը, որոնք գալու էին իշխանության, չէին կարևորում ցուցակում ի՞նչ կլիներ, ո՞վ կլիներ, որովհետև ազդեցություն ունեցողներին առաջադրում էին մեծամասնական կարգով: Հիմա այդ կարգը որ հանվի, ցանկացած խելացի քաղաքական ուժ վերանայելու է, թե ով կա ցուցակում: Ցուցակը վերցնելու ես, նայես, ու ասես՝ ես ովքե՞ր են: Եթե սրանցով են գալիս, ախպեր ջան, ի՞նչ գործ ունեմ ես էս քաղաքական ուժի հետ: Այստեղ նաև քաղաքական մշակույթի փոփոխություն կլինի»:
Թիմում ընդգրկված «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ, «Ոչ»-ի կողմնակից Արմեն Մկրտչյանն էլ անդրադառնալով նորաշենցու հարցին, ասաց, մտոհգությունը տեղին է. «Սահմանադրությունը լուրջ իրավական փաստաթուղթ է, բայց չունի երաշխիքը, ինչը դե ֆակտո, դառնում է թղթի կտոր: Ասում են, մեծամասնական կարգով օլիգարխներ են անցնում խորհրդարան, չեն ասում, որ համամասնական ընտրակարգով էլ են օլիգարխներ անցել: Չեն ասում, թե էդ օլիգարխներին ինչո՞ւ են ուզում անցկացնել, ասեմ, որ իրենց համար ձեն բերի: Հիմա էդ նույն տրամաբանությամբ էդ օլիգարխները ցուցակում են լինելու, որ ձեն բերեն»:
Արմեն Մկրտչյանը նաև ասաց, եթե «աստված մի արասցե» այս փոփոխություններն ընդունվեն, ապա համապետական մեկ ընտրություն է լինելու. «Մեկ անգամ ընտրելու ենք խորհրդարան, էդ խորհրդարանն իր մեջից ընտրելու է թե Ազգային Ժողովի նախագահ, թե նախագահ, թե վարչապետ: Էդ ի՞նչ է նշանակում: Այսօր փաստացի մենք հետ ենք գնում: Եթե ընտրության հնարավորությունը 50 տոկոսով կրճատում ես, դրա առաջընթացը ո՞րն է»:
Հարակից հրապարակումներ`
- Հանգստյան օրերին «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզիչները եղել են Սարդարապատաում, Մրգաշատում, Հրազդանում. Ֆոտոռեպորտաժ
- Արծվիկ Մինասյանն արագաչափերից անցում կատարեց սահմանադրական փոփոխություններին
- Մարգարիտ Եսայան. Փորձում են հանրաքվեն ներկայացնել իշխանություն-ընդդիմություն կռիվ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները