Խոցված Սու-24 օդաչուի մարմինը Անկարայում է, կտեղափոխվի Մոսկվա. Դավութօղլու
Թուրքիայի ԶՈՒ կողմից խոցված ռուսական Սու-24 օդաչուի մարմինը Անկարայում է և ուղարկվելու է Ռուսաստան: Ինչպես փոխանցում է ռուսական Russia Today հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մամլո ասուլիսի ժամանակ:
Սպանված օդաչուի մարմինը մշակվում է ուղղափառ քրիստոնյա ավանդույթների համաձայն՝ լրագրողներին վստահեցրել է վարչապետ Դավութօղլուն:
Անկարայում Ռուսաստանի դեսպանությունը հաստատել է, որ օդաչուի մարմինը տեղափոխվելու է հայրենիք, որի մասին կողմերի միջև բանակցություններ են ընթանում:
Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է Թուրքիային հաջողվել ստանալ օդաչուի մարմինը Սիրիայում գտնվող զինված խմբավորումներից:
Օրեր առաջ, երբ համացանցում տարածվեց հայտնի տեսագրությունը, որտեղ սիրիացի ապստամբը հպարտանում էր ռուս օդաչուին սպանելու համար, պարզվել էր նաև, որ զինյալը թուրք ծայրահեղական է և Թուրքիայի նահանգներից մեկի նախկին նահանգապետի որդին է: