Ադրբեջանում շարունակվում են հետապնդումները կրոնական գործիչների նկատմամբ
Ադրբեջանի իրավապահ մարմինները Լենքորանում հատուկ գործողություն են իրականացրել, որի ժամանակ ձերբակալվել են այդ երկրի հարավային շրջաններում հայտնի հոգևորական Սեյիդ Էլամ Աղաևին, նրա եղբայր Նիզամ Աղաևին և մի քանի այլ անձիք, որոնց մեղադրում են Նարդարանի դեպքերի հետ կապ ունենալու մեջ։
Այսօր արդեն պարզ է դարձել, որ հայտնի հոգևորականի եղբոր հանդեպ խափանման միջոց է ընտրվել 30 օրյա կալանքը։ Ըստ «Islamazeri.az» հայտնած տեղեկությունների՝ Լենքորանի բնակչությունը սկսել է բողոքի ակցիա իրականացնել՝ ի պաշտպանություն ձերբակալվածների ազատ արձակման։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա ընթացքում Բաքվի հարակից Նարդարան բնակավայրում, Ադրբեջանի իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացրել «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամների դեմ, որի հետևանքով մահացել է 7 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան: Ոստիկանությունը ձերբակալել է նաև 14 անձանց, այդ թվում նաև «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ, աստավածաբան Հաջը Թալեհ Բաղըրզադեին: Նրանց հանդեպ հարուցվել է քրեական գործ, և առաջադրվել մի շարք մեղադրանքներ՝ նաև ահաբեկչության, սահմանադրական կարգի տապալման և այլ օրինազանցությունների հետ կապված: