Արծվիկ Մինասյանն արագաչափերից անցում կատարեց սահմանադրական փոփոխություններին
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում Սահմանադրական փոփոխությունները քաղաքացիներին ներկայացնող ռեալթի շոուի մասնակիցներին այսօր միացել է դաշնակցական գործիչ, «Այո»-ի կողմնակից Արծվիկ Մինասյանը:
Նա նախ ներողություն խնդրեց ուշանալու համար, ապա կատակեց. «Արագաչափերն էլ չթողեցին, որ ավելի շուտ հասնեմ: Հիմա հենց դրանից էլ կսկսեմ, որովհետև սահմանադրական այս փոփոխությունները նման երևույթների դեմ էլ են պայքարում»:
Պատգամավորի խոսքով, ներկայում քաղաքացիներին տուգանում ու վարչական պատասխանատվության են ենթարկում, առանց քաղաքացուն լսելու, նրա փաստարկներն ընկալելու:
«Նմանատիպ երևույթների դեմ պայքարի կարևորագույն գործիքներից մեկը Սահմանադրությամբ իրավական հիմքեր ստեղծելն է, որն ամրագրում է, առանց քաղաքացուն լսելու որևէ մարմին՝ լինի դա քաղաքապետարան, ոստիկանություն, թաղապետարան կամ այլ վարչական լիազորություններով օժտված անձ իրավունք չունենա պատասխանատվություն կիրառել քաղաքացու նկատմամբ»,-ասաց դաշնակցական գործիչը:
Մինասյանն առավել կարևորում է հանգամանքը, որ առաջարկվող սահմանադրական փոփոխություններն առաջադրում են որակապես նոր պետության կառուցման հիմնաքարային մոտեցումներ:
«Առաջինը պետականության հենասյուներն են: Դրանք թե մեր ընտանիքն է, թե ժողովրդավարության արժեքները, թե սեփականության ձևերն ու բազմազանությունը, թե սոցիալական կողմնորոշում ունեցող տնտեսության կառուցումը, թե հայոց լեզուն, մշակույթը և այլն: Հաջորդ կարևոր բաժինը մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին են վերաբերում»,-ասաց նա:
«Այո»-ի կողմնակիցն ասաց, որ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են տալիս, որ քաղաքացիներն իրենց իրավունքների ու ազատությունների մասով չունենան այնպիսի սահմանափակումներ, որ կախված լինի այս կամ այն չինովնիկի կամ պաշտոնատար անձի վարքագծից, այլ ավելի շատ օրինաստեղծ մարմին առաջնորդվի քաղաքացու իրավունքների ապահովման տեսակետից:
«Սա վերաբերում է քաղաքացու բոլոր իրավունքներին»,-ասաց պատգամավորը:
Ներկայացնելով Սահմանադրության հաջորդ բաժինը, Մինասյանն ասաց, որ այն վերաբերում է իշխանության կազմավորման սկզբունքին. «Երկիրն անցում է կատարելու խորհրդարանական կառավարման համակարգին, դա նշանակում է իշխանության թևերի միջև ոչ միայն հստակ տարանջատում, այլև քաղաքական համակարգում անհրաժեշտ հակակշիռ. «Այսինքն, ընդդիմությունը պետք է ունենա իշխանության վրա ազդելու իրական հնարավորություն, և ամեն անգամ անպատասխանատու դիրքում չհայտնվի: Այսօր շատ հեշտ է քննադատել, ես ինքս ընդդիմադիր եմ: Ինձ երբ հարցնում են, թե լավ քննադատում ես, իսկ ազդելու ի՞նչ լծակ ունես, կանգնում ես, ասում ես՝ ոչ մի լծակ չունեմ: Ցանկացած առաջարկություն էլ որ անեմ, մեծամասնությունը կարող է մերժել: Այս փոփոխությունները հնարավորություն են տալիս, որ ընդդիմությունը ազդեցության լծակներ ունենա»:
Մինասյանի խոսքով, առաջին անգամ փոփոխություններով հնարավորություն է ստեղծվելու, որ քաղաքացիները կարողանան ներկայացնել ոչ միայն օրենսդրական, այլև հանրաքվե անցկացնելու վերաբերյալ առաջարկություններ:
«Այսօրվա Սահմանադրությամբ եթե նույնիսկ ամբողջ ժողովուրդը հավաքվի, չի կարողանա առաջարկել Սահմանադրական հանրաքվե անցկացնել: Արդեն մեկ-մեկ ջղայնանում եմ, որովհետև «ոչ»-ի առանձին ներկայացուցիչներ չհիմնավորված փաստարկներ են բերում Սահմանադրական փոփոխություններին»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան