Գյուղնախարարը հորդորել է գյուղմթերք արտահանող ընկերություններին ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալները
«Այսօր պաշտոնապես հրապարակվել է այն գյուղատնտեսական մթերքների ցանկը, որը
Ռուսաստանի Դաշնությունը արգելել է ներկրել Թուրքիայից: Սրանով նոր
հնարավորություններ են ստեղծվում տեղական արտադրողների համար ավելացնելու
դեպի ռուսաստանյան շուկա իրենց գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում`
պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները»: Այս մասին նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն՝ այսօր լ հանրապետությունից թարմ պտուղ-բանջարեղեն արտահանող շուրջ 20 ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն է եղել քննարկել ՌԴ-ի կողմից թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվող արգելանքի պարագայում հայկական արտադրանքի արտահանումն ավելացնելու հնարավորությունները:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը:
Նախարար Կարապետյանի խոսքով` այժմ մենք հանրապետությունում ունենք բավարար քանակությամբ թարմ պտուղ-բանջարեղեն, այդ թվում` խաղող, խնձոր, կաղամբ, ծաղկակաղամբ, բազուկ, կարտոֆիլ, գազար, ինչպես նաև ջերմոցային արտադրանք, որը կարող ենք արտահանել ռուսական շուկա: Նախարարն ընդգծել է, որ հայ արտադրողներն ունեն հնարավորություն ավելացնելու արտահանվող գյուղմթերքի ծավալները և հորդորել է այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնել:
Գյուղնախարարը հայտնել է, որ այժմ խոշոր արտահանողները տրանսպորտային միջոցներն ավելացնելու քայլեր են ձեռնարկում:
Հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացել է արտահանող ընկերությունների
ներկայացուցիչներին հուզող խնդիրներին և խոստացել, որ պետությունն իր կողմից պատրաստ է աջակցել արտահանումներն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում: