Մարգարիտ Եսայան. Փորձում են հանրաքվեն ներկայացնել իշխանություն-ընդդիմություն կռիվ
Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի «Այո» և «Ոչ» ռեալթի շոուի մասնակիցներն այսօր Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում հանդիպեցին բնակիչների հետ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, «Ոչ»-ի կողմանկից Նարեկ Այվազյանն ասաց, որ երկրի սոցիալ-քաղաքական խնդիրները կախված չեն ոչ կառավարման համակարգից, ոչ էլ Սահմանադրության տեքստի ձևից:
«Չնայած մենք ունենք լավ Սահմանադրություն, բայց այնուամենայնիվ, անհրաժեշտություն կա գործող Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնել: Սակայն մեր խնդիրները բարդել քաղաքական կառավարման վրա, այնքան էլ ազնիվ չէ»,-ասաց նա:
Այվազյանն ասաց, չի հասկանում, ինչի համար Գավառում այս տարիների ընթացքում գործարաններ չեն բացվել:
Ինչ վերաբերում է առաջարկվող փոփոխություններին, ապա «Ոչ»-ի կողմնակիցը համոզված է, որ դրանք իրականացվում են իշխանությունների վերարտադրման համար. «89 հոդվածով հնարավորություն է ընձեռվում կոալիցիա կազմել և կայուն մեծամասնություն ձևավորել: Ենթադրենք խորհրդարան անցել է 4 քաղաքական կազմակերպություն՝ 23, 23, 26 և 28 տոկոսներով: Երեք կազմակերպությունը 23, 23 և 26 տոկոսները կոալիցա են կազմում: Մի քանի տարի անց նրանցից մեկը դուրս է գալիս կոալիցիայից, ի՞նչ է ստացվում, քաղաքական անկայուն վիճակ: Այսինքն քաղաքական կայունությանը միտված այս ձևաչափը բերում է քաղաքական անկայունության»:
Դիտարկելով այդ իրավիճակում ստեղծված հետագա զարգացումները, Ն. Այվազյանը նշեց, որ ընտրությունների երկրորդ փուլ է տեղի ունենում, 26 տոկոս և 28 տոկոս հավաքած ուժերից մեկը հաղթանակ է տանում. «Նրան տրվում է ավելի շատ մանդատներ, քան իրականում նա ստացել է քվե: Այսինքն քաղաքական փոքրամասնությունը դառնում է մեծամասնություն, դա էլ բերում է քաղաքական անկայունության: Այս սահմանադրության հնարավորությունները տրված են գործող իշխանությանը, որպեսզի վերարտադրվեն ու իշխանավարեն: Արդյո՞ք մենք գոհ ենք նրանց իշխանավարումից, դուք ինքներդ կորոշեք, և հենց այո ու ոչ ասելը դրանով է պայմանավորված: Ինչքան էլ մեր գործընկերները հակառակը պնդեն»:
«Այո»-ի կողմնակից, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ հավաքվածներին ասաց, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեին մասնակցելիս մի քանի բան պետք է անպայման հիշեն. «Հիշեք, որ դուք իշխանություն չեք ընտրելու: Չեք ընտրելու ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն: Դուք ինքներդ որոշելու եք, ուզո՞ւմ եք փոխել երկրի կառավարման համակարգը, թե՞ ոչ: Երբեմն մեր ընդդիմադիր գործընկերները փորձում են հանրաքվեն ներկայացնել իշխանություն-ընդդիմություն կռիվ, նման պայքար գոյություն չունի: Այս կամ այն քաղաքական ուժին դուք կընտրեք 2017-ի մայիսին խորհրդարանական ընտրություններին»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան