Նույնիսկ արգելքից հետո հայկականը չի կարող փոխարինել թուրքական ապրանքներին՝ դեպի Ռուսաստան
Թուրքական ապրանքների՝ դեպի Ռուսաստան արտահանման արգելքից հետո Հայաստանի և հայ արտադրողների առջև նոր հնարավորություններ են բացվել ռուսական շուկա ապրանք արտահանելու համար: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն օգտվելով իրավիճակից կարո՞ղ է իր դիրքերն ամրապնդել ռուսական շուկայում:
Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցներն այսօր հրապարակվել են թուրքական այն մթերքների ցանկը, որոնց ներմուծումը կարգելվի: Սա ռուսական կողմի տնտեսական պատասխանն է թուրքական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացմանը:Արգելված մթերքների ցանկը պաշտոնապես հրապարակվելու է դեկտեմբերի 1-ին: Մինչ այդ գյուղատնտեսության նախարարության աղբյուրին վկայակոչելով՝ ռուսական մամուլը գրում է, որ ցանկում ընդգրկված են մսի տարբեր տեսակներ ու թռչնամիս, կաթնամքերք, ձկնամթերք, ծովամթերք, ընկուզեղեն, միրգ, բանջարեղեն, հատապտուղներ ու հացահատիկ:
Այդուհանդերձ, ըստ Վ.Խաչատրյանի, ստեղծված իրավիճակից արագ և շոշափելի օգուտներ ստանալու հեռանկարներ չկան։ «Դրա համար արտադրողները նախ պետք է արտադրության ծավալներն ավելացնեն: Նույնը վերաբերում է գյուղմթերքներին, քանի որ այդ մթերքներն են հիմնականում ռուսական շուկա արտահանում, սակայն շատ անգամ տեսնում ենք, որ թուրքական միրգ-բանջարեղենը մտնում է հայկական շուկա և մրցակցում տեղական արտադրանքի հետ»,- ասաց Վ.Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե գնային առումով մրցունակ չենք, ապա արտահանման ծավալների ավելացման մասին խոսելն անիմաստ է:
Այսպիսով, ըստ տնտեսագետի, որպեսզի կարողանանք մրցունակ լինել և թուրքական ապրանքները փոխարինենք հայկականով, առաջին հերթին ապրանքը պետք է մրցունակ լինի: «Եթե թուրքական ապրանքը տեղական արտադրանքի հետ մրցակցում է, ապա մենք ինչքան էժան ապրանք պետք է արտադրենք, որ թուրքականի արտադրածի գնի համեմատ կարողանանք արտահանենք: Բացի այդ, մենք այդքան մեծ գյուղատնտեսական նշանակության հողատարածք չունենք, որ կարողանանք ռուսական ամբողջ շուկային սպասարկենք: Իհարկե որոշ տեղ շուկայում կարող ենք զբաղեցնել, բայց ընդհանուր առմամբ՝ այդքան էլ մեծ շանսեր չունենք»,- ընդգծեց տնտեսագետը:
Նա նաև նշեց, որ պարբերաբար տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, թե ԵՏՄ-ին անդամակցելով Հայաստանը կարող է արտահանման ծավալներն ավելացնել, սակայն, ըստ Վ.Խաչատրյանի, եթե 10 ամսվա ընթացքում հայ արտադրողները չկարողացան այդ շուկայից օգտվել, ապա ինչպե՞ս կարող են կարճ ժամանակահատվածում օգտագործեն այն:
Նա միաժամանակ ավելացրեց, որ ռուսական շուկան հսկայական է, և Հայաստանը չի կարող լիովին ապահովել Ռուսաստանի պահանջարկը, ուստի հազիվ թե կարող ենք ասել, որ թուրքական ապրանքի ու արտադրանքի նկատմամբ արգելքի դեպքում դեպի Ռուսաստան հայկական մթերքի արտահանումը մի քանի անգամ կմեծանա: Վ. Խաչատրյանը նշեց նաև, որ հայ ֆերմերներն ու գործարարները կկարողանան իրացնել այնքան արտադրանք, որքան ունեն:
Սակայն, ըստ տնտեսագետի, կա ևս մեկ խնդիր: Ռուսական ռուբլու արժեզրկումը և տնտեսության անկումը, ինչը հայ արտադրողների հնարավորությունները նվազեցրել է: Շատ դեպքերում, ըստ նրա, արտադրողները չեն կարողանում ռուսական շուկայում պահպանեն իրենց նախկին դիրքերը: «Վերջին 9-10 ամիսների կտրվածքով ռուսական շուկայում մեծ կորուստներ ունենք»,- ասաց նա:
Վ.Խաչատրյանը նշեց նաև, որ այդ հնարավորությունից ինչ-որ չափով օգտվելու համար պետք է մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, ինչպես նաև ավելացնել ջերմոցային պայմաններում արտադրված գյուղմթերքի ծավալները:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի է, Թուրքիայից որ մթերքների ներմուծումը կարգելվի ՌԴ
- ՌԴ կողմից թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը նոր հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար. գյուղնախարար