Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջատարների հայտարարությունը
Հայաստանի հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիզը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելլին, Գևորգ Ղազարյանը, Գևորգ Կասպարովը, Կառլեն Մկրտչյանը ու Հրայր Մկոյանը, ArmFootball.com և News.am կայքերի միջոցով ցանկացել են անդրադառնալ հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու ՀՖՖ նախագահի մամլո ասուլիսին:
Հայտարարությունը մեջբերում ենք ստորև.
«Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի շուրջ տարածված լուրերը, մեկնաբանությունները և շշուկները, ուզում ենք անդրադարձ կատարել վերը նշված հարցերին: Նախ նշենք, որ Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են: Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա և մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու:
Համոզված ենք, որ մեր կարծիքը կիսում են հավաքականի բոլոր ֆուտբոլիստները: Անդրադառնալով մեզ` նշենք, որ հավաքականում խաղալու շուրջ 7-10 տարիների ընթացքում միշտ նվիրված և անմնացորդ տրվել ենք հավաքականին, ամեն ինչ արել ենք ի շահ հավաքականի, չի եղել դեպք, երբ մենք առողջ լինենք և վնասվածքներ չունենանք ու հրաժարվենք խաղալ հավաքականի կազմում: Ավելին, ունենալով վնասվածքներ, սրսկումների օգնությամբ, մարզիչների խնդրանքով մասնակցել ենք հավաքականի բազմաթիվ հանդիպումների` հասկանալով, որ մեր բացակայությունը վնասելու է հավաքականին:
Մենք միշտ գործել ենք ի շահ հավաքականի` վնաս տալով թեʹ մեր առողջությանը, թեʹ բազմաթիվ դեպքերում նաև մեր ակումբային կարիերային:
Մեր հավաքականում միշտ եղել է, և հիմա էլ միասնական մթնոլորտ է: Բոլոր ֆուտբոլիստները մեկ ընտանիքի պես են, հավաքականի ֆուտբոլիստների միջև հարաբերությունները նախկինի պես ջերմ և ընկերական են, ու հավաքականում տիրող վատ մթնոլորտը ոչ մի կերպ պայմանավորված չէ հավաքականի ֆուտբոլիստների միջև լարված հարաբերություններով կամ ֆուտբոլիստների պահվածքով:
Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել հավաքականի բոլոր երկրպագուներին թեʹ Հայաստանում, թեʹ Հայաստանից դուրս այս 7-10 համատեղ տարիների համար: Դուք միշտ երկրպագել եք մեր հավաքականին` անկախ ցույց տրված արդյունքներից և խաղի որակից:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ`
Հենրիխ Մխիթարյան
Յուրա Մովսիսյան
Արաս Օզբիլիզ
Ռոբերտ Արզումանյան
Մարկոս Պիզելլի
Գևորգ Ղազարյան
Գևորգ Կասպարով
Հրայր Մկոյան
Կառլեն Մկրտչյան»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին