Արամ Անանյան. Բոլոր երկրներն էլ ցանկանում են մոդեռնիզացնել քաղաքական համակարգերը
«Աշխարհն արագ փոփոխվում է, հետևաբար քաղաքական համակարգներն էլ ենթակա են փոփոխություններին: Սահմանադրությունը մայր օրենքն է, օրենքների ամբողջություն, նույնպես ենթակա է հասարակական զարգացումներին համահունչ փոփոխվելուն»,- Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Արամ Անանյանը:
Նա նշեց, որ 1995 թվականից Հայաստանում քննարկվում է սահմանադրական այն մոդելը, որն առաջարկվում են այս փոփոխություններով: Ա. Անանյանն ընդգծեց, որ խորհրդարանական մոդելը հնարավորություն է տալիս գնալ քաղաքական մոդեռնիզացիայի:
«Անցում դեպի ժողովրդական կառավարում շատ ավելի հեշտ է խորհրդարական մոդելների ժամանակ: Խորհրդարանական կառավարման համակարգը երեք հիմնական խնդիր է լուծում՝ բարձրացնում է քաղաքական համակարգի կայունությունը, ավելի ուժեղացնում է ինստիտուտների վրա հանրային վերահսկողության մեխանիզմները, մեծացնում է մասնակցային կառավարման և մասնակցային ժողովրդավարության կայացման հնարավորությունը»,- ասաց նա:
Ա.Անանյանի խոսքով, հետխորհրդային տարածաշրջանային ինտեգրացիոն այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում, փաստում են, որ տարածաշրջանային բոլոր երկրներն էլ ցանկանում են ինչ-որ փոփոխություններ անել, մոդեռնիզացնել քաղաքական համակարգերը: Ըստ նրա, այն մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են այդ պետությունների առջև, հավասարակշիռ, մասնակցային որոշումների անհրաժեշտության մասին են խոսում::
«Բոլորը քայլ առ քայլ շարժվում են խորհրդարանական մոդելներ»,- ասաց Ա.Անանյանը: