Հայաստանում այսօր թատրոնը, դրամատուրգիան կյանքի հետ մրցակցելու խնդիր ունեն. Թատերագետ
«Դրամատուրգիայի խնդիրը նոր չէ: Մշտապես հայ թատրոնի պատմության ընթացքում ունեցել ենք լավ դրամատուրգիայի խնդիր: Դրա համար և անցյալում, և հիմա ավելի շատ արձակ գործերի բեմականացման են դիմում, քան բուն դրամատիկական երկերի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց թատերագետ Արա Խզմալյանը՝ խոսելով ժամանակակից դրամատուրգիայի խնդիրների մասին:
Նրա խոսքով, հայ ժողովուրդը չունի դրամատուրգիական մտածողություն, առավելապես էպիկական, արձակ մտածողության, զգացողության ժողովուրդ է, իսկ դրամատուրգիան բանավեճն է, հեղինակի բանավեճն ինքն իր հետ, հայ մարդը չի կարողանում ինքն իր հետ բանավիճել, հայ մարդն իր տեսակետից զատ չի կարողանում այլ տեսակետ ընդունել:
«Այստեղ էթնոհոգեբանության, ազգային մտայնության խնդիր կա, էլ չեմ խոսում բեմի տարրական իմացության, մասնագիտական հմտությունների մասին: Բեմը չիմանալով գրել պիես՝ հնարավոր չէ, դերասանի արվեստի բաղադրիչները, առանձնահատկությունները չիմանալով գրիչ վերցնել ու բեմի համար գործ գրել՝ ծիծաղելի է:
Ցավոք սրտի, մեր դրամատուրգիայից վրիպում է այն խնդիրները, որոնք այսօր իսկապես կարող են դիպչել մարդու սրտին, թատրոնը լավ չի ճանաչում իր հանդիսատեսին: Ունենք ազգային պրոբլեմներ, բայց որտեղ է այն դրամատուրգիան, որ արտացոլում է այդ պրոբլեմները:
Թատրոնը, դրամատուրգիան մրցակցելու խնդիր ունեն կյանքի հետ, քանի որ միտինգն ավելի հետաքրքիր է, ավելի հրատապ, ավելի շատ է շոշափում ամեն մարդու, քաղաքացու քաղաքացիական զգացմունքները, բարոյական խնդիրները, քան թատրոնը: Մարդը բնազդաբար գնում է այն հարթակ, որտեղ որ զգացմունքները սրված են, որտեղ կա էմոցիաների բախում, բանավեճ»,- ասաց թատերագետը:
Պատասխանելով հարցին, թե ո՞րն է խնդիրների լուծման ճանապարհը, Ա.Խզմալյանը նշեց. «Սրանք դեղատոմսային սկզբունքով լուծվող խնդիրներ չեն, ներքին փոխակերպումների, սեփական ժամանակը գիտակցելու, ազգային խնդիրները ձևակերպելու, քաղաքացիական տրամադրությունների առկայության հետ կապված խնդիրներ են: Ի տարբերություն մաքուր արվեստների՝ երաժշտություն, կերպարվեստ, քանդակագործություն և այլն, դրամատուրգիան և թատրոնը շատ մեծ կախվածություն ունեն հասարակական տրամադրություններից, քաղաքացիական ապրումներից: Թատրոնը և դրամատուրգիան անմիջականորեն արտացոլում են հանրության որակը: Գոնե մի բան կարող ենք անել՝ պատրաստել պրոֆեսիոնալ մասնագետներ, իսկ կստեղծվի ազգային դրամատուրգիան, թե ոչ, չեմ կարող ասել»:
Խոսելով դասական դրամատուրգիայի, պատմակական արժեքների մասին, Ա.Խզմալյանն ասաց, որ Գաբրիել Սունդուկյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Լևոն Շանթը չեն կարող հետաքրքրել ժամանակակից մարդուն. «Նրանց ստեղծածն արդեն թանգարանային, պատմական արժեքներ են:
Թող մարդիկ դեմագոգիայով չզբաղվեն: «Շրեկ» նայող, ինտերենտում տարբեր խաղեր խաղացող մարդուն, թեկուզ նաև ինձ որպես թատերագետ, այսօր չի հետաքրքրում Սունդուկյանը, քանի որ նրա ստեղծագործություններում շատ շերտեր ժամանակավրեպ են, այն իրականությունը, որ արտացոլել է Սունդուկյանը, վերաբերում է թբիլիսահայ համայնքին, նրանց խնդիրներ են արծարծված, նրանց կենցաղն է նկարագրված, նրանց բառապաշարն է: Ինչո՞ւ պետք է դա հետաքրքիր լինի անկախ Հայաստանի քաղաքացուն»:
Արա Խզմալյանը դեմ է նաև դասական ստեղծագործություններին ժամանակակից շունչ հաղորդելուն, ինչպես այսօր, սովորաբար, արվում է:
«Ամենանողկալի բանը կոպիտ միջամտությունն է պատմական արժեքներին: Սունդուկյանի հերոսներին ջինս հագցնելը չի նշանակում, որ արդիականացնում ես, լեզուն փոխիր, բառապաշարը փոխիր, բարբառը փոխիր, Սունդուկյան չի մնա: Իսկ դա արժեք է և պատմական արժեք»,- ասաց թատերագետը:
Նրա խոսքով, այս պրոցեսը կա համաշխարհային թատրոնում և դրամատուրգիայում՝ դասական արժեքները դառնում են թանգարանային արժեքներ. «Կյանքը արագ է փոխվում, այլ խնդիրներ են առաջ գալիս: Այդ պիեսներում արծարծված խնդիրներն էլ են հնացած: Արագ հնանում են բոլոր արժեքները, որոնք տարիներ շարունակ ընդունված են եղել տվյալ ժողովրդի կյանքում»:
Արա Խզմալյանը նաև ասաց. «Այսօր շատ են գրում, գրում են հիմնականում նրանք, ովքեր կյանքից դժգոհ են, կնոջ հետ կռվեց՝ պիես է գրում, ընկերները չբարևեցին՝ պիես է գրում: Թուղթ մրոտողների մի բանակ կա, որ դրանց մեջ առողջ ծիլերն անգամ տեսնելը շատ դժվար է: Կարելի է կարդալ մի պիես ու դրանից հետո գնալ հոգեբուժարան: Լիարժեք առողջ քիչ մարդիկ են զբաղվում գրականությամբ, թատրոնով: Արվեստը նաև հոգեկան պրոբլեմները հաղթահարելու ձև է, միջոց, բայց երբ որ միայն դա է նպատակը, արդեն դառնում է անտանելի»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան