Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում: Դեկտեմբերյան սանդղակում նա 6-րդ տեղում է: Ի տարբերություն անցած ամսվա, Արոնյանն առաջադիմել է մեկ տեղով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Վարկանշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն 10 շախմատիստների շարքում են նաև Վեսելին Տոպալովը, Վիշի Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին, Դինգ Լիրենը և Սո Ուեսլին:
Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը 43-րդ տեղում է, 88-րդ տեղում Սերգեյ Մովսիսյանն է, իսկ Հրանտ Մելքումյանը 95-րդն է: