Իրանցի խորհրդարանականը Նարդարանի զինված բախումից հետո Ադրբեջանի շիաներին կոչ է անում ակտիվանալ
«Ադրբեջանի իշխանությունները տարածաշրջանի դիկտատորների ճակատագրից պետք է դասեր քաղեն»,-այդ մասին իրանական «Արաննյուզ.իր» կայքին տված հարցազրույցում՝ հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի և հավատացյալների միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է 5 հավատացյալ և 2 ոստիկան:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով Նարդարանի միջադեպին, մասնավորապես նշել է. «Ցավալի է, որ մի կառավարություն, որն իրեն համարում է ժողովրդական, Աստծո տան մեջ, սգո արարողություն իրականացնելու ժամանակ սպանում է հավատացյալներին: Կառավարությունն այն ժամանակ ամուր կլինի, երբ ժողովրդի մեջ խորն արմատներ ունենա»:
Շարունակելով խոսքը՝ Մանսուր Հաղիղաթփուրը հավելել է. «Ադրբեջանը մի կողմից համասեռամոլներին ազատություն է տալիս, իսկ մյուս կողմից շիաների նկատմամբ բռնություն է կիրառում. Այսպիսի գործելաոճը լավ ավարտ չի ունենա»:
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահը, Նարդարանի միջադեպի առնչությամբ անվստահություն հայտնելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, հավելել է. «Այդ կառույցների հետ կապված ոչ մի հույս չունենք:
Եթե Սաուդյան Արաբիան համարվում է մարդու իրավունքների պաշտպան, ապա պետք է կարդալ նման պաշտպանության մահախոսականը: Մարդիկ պետք է արթնանան, մասնակցություն ունենան զարգացումներին, որպեսզի կարողնան առկա խնդիրների վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտել»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին