Հռոմի Պապը՝ ռուս-թուրքական լարվածության և Հայաստան այցի մասին
Հռոմի Ֆրանցիսկո 1-ին Պապը մեկնաբանություններ է արել ռուս-թուրքական լարված հարաբերությունների և Հայաստան կատարելիք իր հավանական այցի վերաբերյալ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, դեպի աֆրիկյան երկրներ կատարած իր վեցօրյա ուղևորության ավարտին Հռոմի Պապը ինքնաթիռում պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին:
Իտալական «Le Repubblica» պարբերականի լրագրող Մարկո Անսալդոն հետևյալ հարցն է ուղղել կաթոլիկ աշխարհի հովվապետին. «Պատրաստվու՞մ եք արդյոք հայոց կոտորածների 101-րդ տարելիցին մեկնել Հայաստան, ինչպես Թուրքիա էիք մեկնել»:
Ի պատասխան Պապն ասել է.«Անցյալ տարի երեք պատրիարքի խոստացել եմ այցելել Հայաստան: Խոստում կա: Չգիտեմ՝ կկարողանամ արդյոք դա իրականացնել, թե ոչ, բայց խոստացել եմ»:
Նույն լրագրողը փորձել է պարզել նաև Վատիկանի դիրքորոշումը Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի պատճառով առաջացած լարվածությանը՝ հիշեցնելով , որ Պապը երբեմն նշում է, թե երրորդ համաշխարհային պատերազմն է ընթանում:
«Չգիտեմ ինչ է մտածում Վատիկանը: Անձամբ ես մտածում եմ, որ պատերազմը մեղք է: Մարդիկ ոչնչացվում են, տեղահանվում: Մարդկանց առևտրի և մի շարք այլ վատ բաների պատճառ են դառնում պատերազմները: Պատերազմները պետք է դադարեցվեն»,- ասել է հովվապետը:
Լրագրողների խնդրանքով Պապն անդրադարձել է նաև Փարիզի կլիմայական փոփոխությունների գագաթնաժողովին՝ ընդգծելով, որ վստահում է Փարիզում հավաքված համաշխարհային լիդերներին և համոզված է, որ նրանք կարող են որոշակի լուծում գտնել երկրագունդը կլիմայական ճգնաժամից դուրս բերելու համար:
«Կամ հիմա, կամ երբեք: Քանի որ երկիրն ինքնասպանության եզրին է հասել», - նշել է Ֆրանցիսկո 1-ինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան