Մենք շատ բան ունենք սովորելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարից. Բան Կի Մուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձ է հղել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ:
«Այս տարի ՁԻԱՀ-ի համաշխարհային օրը մենք նշում ենք նոր հույսով: Ես երախտագիտությամբ ողջունում եմ ակտիվիստների վճռական գործունեությունն ու առողջապահության ոլորտի աշխատողների հետևողական ջանքերը: Ես խորին հարգանքով եմ վերաբերվում նաև իրավապաշտպանների սկզբունքային դիրքորոշմանն ու բոլոր այն մարդկանց խիզախությանը, որոնք միավորել են ուժերը՝ այս հիվանդության դեմ պայքարի հարցում հասնելու համաշխարհային առաջընթացի:
Սեպտեմբերին ընդունված Կայուն զարգացման նպատակների շրջանակներում ողջ աշխարհի առաջնորդները միակամ հանձն են առել մինչև 2030 թվականը վերջ տալ ՁԻԱՀ համաճարակին: Այս հանձնառությունն արտացոլում է համերաշխության ուժը, որի շնորհիվ, ի արձագանք այս կործանարար հիվանդության, կազմավորվել է ժամանակակից պատմության մեջ ամենաընդգրկուն շարժումներից մեկը:
Մենք շատ բան ունենք սովորելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարից: Մեկը մյուսի հետևից մարդիկ բարձրացել են՝ ի աջակցություն գիտության, մարդու իրավունքների և ՄԻԱՎ-ով ապրող բոլոր անձանց հնարավորությունների ընդլայնման: Ահա այսպես մենք վերջ կտանք համաճարակին. առաջ ընթանալով միասին:
Անհրաժեշտ է գործել հենց հիմա, ժամանակը չի սպասում: Սա է պատճառը, որ կոչ եմ անում որդեգրել ներդրումներն անհապաղ արագացնելու մոտեցում և վերացնել կարիքների ու ծառայությունների միջև եղած խզումը:
Համաճարակին վերջ տալու և դրա նորացումը կանխելու նպատակով մենք պետք է գործենք բոլոր ճակատներում: Անհրաժեշտ է ավելի քան կրկնապատկել արդյունավետ բուժում ստացող անձանց քանակը՝ ընդգրկելով ՄԻԱՎ-ով ապրող բոլոր 37 միլիոն մարդկանց: Անհրաժեշտ է դեռահաս աղջիկների և երիտասարդ կանանց համար ապահովել կրթության և ՄԻԱՎից պաշտպանվելու իրական հնարավորությունների հասանելիություն: Եվ մենք պետք է բնակչության՝ խնդրին առնչվող հիմնական խմբերին ապահովնք արժանապատվությամբ ու հարգանքով տրամադրվող ծառայություններից օգտվելու լիակատար հնարավորություն:
Յուրաքանչյուր երեխա կարող է ծնվել ՄԻԱՎ-ից զերծ՝ մայրերից, որոնք ոչ միայն ողջ կմնան, այլև իրենց ավելի ու ավելի լավ կզգան: ՁԻԱՀ-ին վերջ տալն էական նշանակություն ունի «Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա» քարոզարշավի և այն գլոբալ ռազմավարության հաջողության համար, որը նախաձեռնել եմ՝ ձգտելով ապահովել կանանց, երեխաների և դեռահասների առողջությունն ու բարեկեցությունը մեկ սերնդի ընթացքում:
Սահմանված թիրախներին արագացված կերպով հասնելը կկանխարգելի ՄԻԱՎ-ով վարակման և ՁԻԱՀ-ով պայմանավորված մահվան նոր դեպքերը՝ միաժամանակ վերացնելով ՁԻԱՀ-ի հետ կապված խարանն ու խտրականությունը:
Ես մեծ հույսեր եմ կապում Ընդհանուր վեհաժողովի՝ ՁԻԱՀ-ի վերաբերյալ բարձր մակարդակի նիստի հետ, որը նախատեսված է 2016 թ.-ին և վճռորոշ հնարավորություն է աշխարհի համար՝ ստանձնելու ՁԻԱՀ-ին արագընթաց վերջ տալու հանձնառություն:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի այս համաշխարհային օրը եկեք հարգանքի տուրք մատուցենք բոլոր նրանց, ովքեր այս հիվանդության պատճառով կորցրել են իրենց կյանքը, և վերահաստատենք մեր վճռականությունը՝ պայքարելու հանուն արդարության, օգնության հասանելիության և ավելի հուսադրող ապագայի՝ ողջ աշխարհում»: