Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ ֆեյսբուքյան թեստերից
«Ի՞նչ նվեր է բերելու ձեզ Ձմեռ պապիկը», «Ի՞նչ բառերով են ձեզ նկարագրում», «Ի՞նչ են բամբասում ձեր մասին» այս ու այլ հարցերի պատասխան խոստացող ֆեյսբուքյան տեստեր անողների թիվը սոցիալական այդ կայքում ոչ թե մի քանի հարյուրի, այլ հազարի է հասնում:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան օգտատերերին խորհուրդ է տալիս չդիմել այդ տեստերի օգնությանը, մանավանդ, որ դրանք հոգեբանների կողմից պատրաստված չեն:
Փորձագետն ասում է, որ որոշ app-եր հնարավորություն են տալիս դիմել մարդուն՝ տեստի պատասխանի դմաց ստանալու որոշ տվյալներ:
«Հիմնականում դրանք լինում են պրոֆիլի տվյալները՝ երբ է ծնվել, որտեղ է ապրում: Սակայն ափլիքեյշնը կարող է ունենալ շատ խոր հարցումներ՝ օրինակ, քո անունով գրառում անի, դա լինում է խաղերի դեպքում, երբ գրում է՝ այսքան միավոր եմ հավաքել, քո անունից խաղի հրավեր ուղարկի: Իրականում խաղացողը չգիտի էլ, որ նման հրավեր է ուղարկվում»,-ասաց Ս. Մարտիրոսյանը:
Բայց սա ամենը չէ: Տեղեկատվական անվտանգության փորձագետը նշեց, որ հնարավոր են դեպքեր երբ քո մեսիջներն են կարդում, իմանան՝ որտեղ ես գտնվում, միայն ընկերներիդ համար փակ տեղադրված ինֆորմացիան հասանալի լինի:
«Դա հիմնականում արվում է մարկետինգի համար, որպեսզի հետո գովազդային գործակալությունները օգտագործեն այդ տեղեկությունները՝ թիրախավորելու գովազդը: Սակայն երբեմն նման ինֆորմացիան հնարավոր է օգտագործել հետախուզության նպատակներով: Դուք կարող եք սեղմել մի հատ շատ պարզ տեստի վրա, օրինակ, ասենք ի՞նչ բանջարեղեն եք եղել նախորդ կյանքում: Քանի որ մարդիկ ափլիքեյշնը միացնելուց իրենց մոտ չեն նայում, թե ինչ թույլտվության վրա են սեղմել, հնարավոր է դու թույլ ես տալիս, որ քո հաղորդագրությունները կարդան»,-ասաց նա:
Անձնական տեղեկությունները, հաղորդագրություններն այլոց ձեռքը չընկնելու համար Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ամեն ինչի վրա չսեղմել:
«OK-ներ սեղմելու ընթացքում ափլիքեյշնը հարցեր է տալիս, թո՞ւյլ եք տալիս, որ ձեր գրառումները կարդան, դուք ասում եք՝ այո, այդպես հաջորդաբար մի քանի բան թույլատրում եք: Եթե թեստի դիմաց մի քանի ավել տեղեկություններ է ուզում, ավելի լավ է այդ թեստից հրաժարվել: Բացի այդ կարելի է մտնել ֆեյսբուքյան settings-ի applications բաժինը, կտեսնեք, թե քանի ափլիքեյշն եք ակտիվացրել, դուք էլ կզարմանաք»,-ասաց նա:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, բավարար է մեկ անգամ թույլ տաք, ապա այն կշարունակի տեղեկատվություն «քերել»: Դրանից ազատվելու համար փորձագետը խորհուրդ է տալիս ջնջել դրանք: