ԱՄՀ-ն չինական յուանը դասել է միջազգային պահուստային արժույթների շարքին
Նոյեմբերի 30-ին Արժույթի Միջազգային Հիմնադրամը չինական յուանը ներառել է իր կողմից թողարկվող միջազգային վճարային միջոց SDR-ի (Հատուկ փոխարկելիության իրավունք) զամբյուղում: Այպիսով, յուանը լրացրել է ԱՄՀ-ի կողմից ճանաչված միջազգային պահուստային արժույթների շարքը, որոնց մեջ մտնում են դոլարը, եվրոն, ֆունտ սթերլինգը և ճապոնական իենը: Այս մասին հայտնում է Հիմնադրամի պաշտոնական կայքը:
«Գործադիր խորհրդի որոշումը յուանը SDR-ի զաբյուղում ներառելու մասին, վկայում է այն մասին, որ Չինաստանի տնտեսությունը լավագույնս ինտեգրվել է միջազգային ֆինանսական համակարգին: Սա նաև հաջողության ցուցանիշ է, որ Չինաստանի իշխանությունները արդյունավետորեն բարեփոխել են դրամավարկային և ֆինանսական համակարգը: Այդ աշխատանքի զարգացումը և խորացումը կբերի ավելի ամուր միջազգային արժութաֆինանսական համակարգի, որը իր հերթին կնպաստի ինչպես Չինաստանի այնպես էլ գլոբալ տնտեսության զարգացմանը»,- ընդգծել է ԱՄՀ տնօրեն Կրիստին Լագարդը:
ԱՄՀ-ն հինգ տարին մեկ վերանայում է իր միջազգային արժույթների զամբյուղը: 2010 թվականին ԱՄՀ-ն մերժել էր յուանին միջազգային պահուստային արժույթի կարգավիճակ տալը, համարելով որ այն չի համապատասխանում ազատ փոխարկելի արժույթի սահմանմանը: