Էմանուել Ճգնավորյանն անցել է Սիբելիուսի անվան մրցույթի եզրափակիչ փուլ
Ավստրիան ներկայացնող երիտասարդ հայ ջութակահար Էմանուել Ճգնավորյանն անցել է Յան Սիբելիուսի անվան ջութակահարների 2015թ. մրցույթի եզրափակիչ փուլ: Եզրափակիչի մասնակիցների անունները Հելսինկիում հայտարարվել են նոյեմբերի 29-ին: Այս մասին գրում է theviolinchannel.com կայքը: Էմանուել Ճգնավորյանի հետ եզրափակիչում մրցելու են հինգ մասնակից՝ Ճապոնիայից, ԱՄՆ-ից և Գերմանիայից:
Եզրափակիչ փուլն անցկացվելու է այսօր և դեկտեմբերի 3-ին: Առաջին հորիզոնականը զբաղեցնող երաժիշտը կստանա 25 հազար եվրո պարգևավճար, կմասնակցի միջազգային մի շարք կարևոր համերգներին:
Էմանուել Ճգնավորյանը ծնվել է 1995թ. Վիեննայում: Անվանի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին է: Ջութակ նվագել է 5 տարեկան հասակից։ 7 տարեկանում ունեցել առաջին հանրային համերգը, երկու տարի հետո՝ մենահամերգ, որից հետո արժանացել է Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի կրթաթոշակի։ Համերգով հադնես է եկել Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում և Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։ Սովորել է Վիեննայի համալսարանի երաժշտության և կատարողական արվեստի բաժնում, եղել է Գերհարդ Շուլցի աշակերտը։ Նրա ուսուցիչներից են եղել նաև Պետրոս Հայկազյանը, Արտաշես Մկրտչյանը, Արկադի Վինոկուրովը։ 2014 թվականին ավարտել է Վիենայի Sacred Heart վարժարանը։ Արժանացել է մի շարք մրցանակների՝ «Լավագույն դասական կատարող» - դասական երաժշտության պատանի երաժիշտների «Եվրատեսիլ-2012» մրցույթի 2-րդ տեղ, Յոհաննես Բրամս միջազգային մրցույթի մրցանակակիր, Երիտասարդական երաժշտական մրցանակաբաշխության մրցանակ, 2012/2013, Վիեննայի համերգասրահ, Stefanie Hohl ջութակի մրցույթի 1-ին մրցանակ, Fritz Kreisler մրցանակաբաշխության 3-րդ մրցանակ, Casinos Austria Rising Star Award:
Յան Սիբելիուսի անվան միջազգային մրցույթն անցկացվում է 5 տարին մեկ սկսած 1965-ից` ի հիշատակ ֆինլանդացի հայտնի կոմպոզիտորի: Մրցույթին մասնակցում են մինչև 30 տարեկան ջութակահարներ:
Նշենք, որ 2000 թվականին ՀՀ վաստակավոր արտիստ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը (այդ ժամանակ 15 տարեկան) Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթում արժանանում է առաջին մրցանակի և մրցանակի «Սիբելիուսի ջութակի կոնցերտի լավագույն կատարող» անվանակարգում։ Խաչատրյանը այս մրցույթում երբևէ հաղթած ամենաերիտասարդ մասնակիցն է։